Երեւան/Մեդիամաքս/. ՀՀ կառավարությունն այսօր որոշում է կայացրել գյուղատնտեսության նախարարությանը տրամադրել $450 հազ. Համաշխարհային բանկի /ՀԲ/ վարկային ծրագրի շրջանակներում` երկրի 5 մարզերում փորձնական ծրագրի իրականացման նպատակով: ՀԲ «ՀՀ մարզերի գյուղատնտեսական ռեսուրսների կառավարում ու մրցունակություն» ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է $23 մլն եւ նախատեսում է ծրագրի իրականացում երկրի 55 շրջաններում: Ինչպես այսօր կառավարության նիստում հայտնել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, «երկրի 55 շրջաններում կիրականացվեն լուրջ բարեփոխումներ` ուղղված անապահով գյուղական ընտանիքների վիճակի բարելավմանը գյուղատնտեսական ռեսուրսների, ճանապարհների շինարարության զարգացման, չօգտագործվող արոտավայրերի, սառնարանային տնտեսության, կաթի վերամշակման կետերի գործարկման միջոցով»,- ասել է Տիգրան Սարգսյանը: Նրա խոսքերով, հաջողության դեպքում ՀՀ կառավարությունը կդիմի Համաշխարհային բանկին` շրջանների ցանկն ընդլայնելու նպատակով լրացուցիչ միջոցների հատկացման առաջարկով: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարել է, որ 2011թ. կառավարությունը մտադիր է գյուղատնտեսության ոլորտում ապահովել 10% աճ: «Որպես սոցիալական փաթեթ` կառավարությունը ֆերմերներին անվճար կտրամադրի 2000 տոննա սերմ: Գյուղատնտեսության նախարարությունը բացահայտել է այն տնտեսությունները, որոնք օժանդակության կարիք ունեն, եւ մենք նրանց կհատկացնենք Ռուսաստանից եւ Ուկրաինայից ներմուծված որակյալ սերմեր»,- ասել է Տիգրան Սարգսյանը: Նրա խոսքերով, օգնություն կցուցաբերվի շուրջ 14 հազ. տնտեսությունների: Tweet Դիտում՝ 6440