Երեւան/Մեդիամաքս/. Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն գտել է վրաց սահմանապահների հետ կապված խնդրի տեխնիկական լուծումը, Մեդիամաքս-ին հայտնել է Բյուրոյի մամուլի քարտուղար Արմինե Հակոբյանը: Վրաց սահմանապահները Վրաստան մտնող հայ վարորդներից պահանջում են դիմապակուց հանել ԱՊՊԱ կտրոնը, քանի որ, վրացական օրենքների համաձայն, ավտոմեքենայի դիմապակին պետք է ամբողջությամբ ազատ լինի: «Քանի որ կտրոնն առանց վնասելու հեռացնելն անհնար է, Հայաստան վերադարձող վարորդները ստիպված են լինում սահմանում ստանալ նոր կտրոն, որն առաջին անգամ տրվում է անվճար, իսկ երկրորդ եւ երրորդ անգամ, համապատասխանաբար, 1000 եւ 5000 դրամով»,- ասել է Արմինե Հակոբյանը: Նրա խոսքերով, խնդիրը քննարկվել է նաեւ Միխայիլ Սաակաշվիլիի` վերջերս Հայաստան կատարած այցի ընթացքում, սակայն վրացական կողմը դեռեւս չի լուծել այդ հարցը: «Արդյունքում Բյուրոն որոշել է այդ խնդրին տալ տեխնիկական լուծում` վարորդներին թույլ տալով լամինացիայի ենթարկել ԱՊՊԱ կտրոնը` վրացական սահմանը հատելիս այն հանելու, իսկ Հայաստան վերադառնալիս` կրկին ամրացնելու նպատակով»,- ասել է Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի մամուլի քարտուղարը: Tweet Դիտում՝ 7946