Երեւան/Մեդիամաքս/. ԱՊՊԱ-ի ներդրման արդյունքում ապահովագրական ոլորտի աշխատակիցների թիվը կրկնապատկվել է, Մեդիամաքս-ի հետ հարցազրույցում ասել է «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական ընկերության տնօրեն Գոռ Խաչատրյանը: Ազգային վիճակագրական ծառայությունում Մեդիամաքս-ին հայտնել են, որ 2010թ. վերջի դրությամբ ապահովագրական ընկերությունների աշխատակիցների թիվը դեռեւս հայտնի չէ, սակայն մի շարք ապահովագրական ընկերություններում անցկացված հարցումը վկայում է այն մասին, որ աշխատակիցների թիվն աճել է առնվազն 2 անգամ: «Կարծում եմ, ապահովագրական ոլորտի աշխատողների քանակը կրկնապատկվել է: Մեզ մոտ, մասնավորապես, աշխատակիցների թիվը 56-ից դարձել է 108: Բացի նշված թվից, առանց աշխատանքային պայմանագրեր կնքելու մեզ հետ աշխատում են նաեւ հատուկ ԱՊՊԱ ոլորտի սպասարկման համար ստեղծված գործակալական եւ վնասի գնահատմամբ զբաղվող ընկերություններ, ինչպես նաեւ ֆիզիկական անձ-գործակալներ», - ասել է «Նաիրի Ինշուրանս»-ի գլխավոր տնօրենը: «Սիլ Ինշուրանս» ընկերության կադրերի բաժնում Մեդիամաքս-ին տեղեկացրել են, որ իրենց մշտական աշխատակիցների թիվն ավելացել է 22-ով` հասնելով 55-ի: Ընկերության հետ առանց աշխատանքային պայմանագրերի աշխատում են նաեւ 110 գործակալներ, որոնցից 6-ը իրավաբանական անձիք են, իսկ 104-ը` ֆիզիկական: ԱՊՊԱ շուկայի շուրջ 20%-զբաղեցնող «ԻնգոԱրմենիա» ընկերությունում էլ 2010-ի ընթացքում աշխատակիցների թիվը 37-ից հասել է 100-ի: Ընկերության հետ աշխատում են նաեւ 150 գործակալներ: «Կասկադ Ինշուրանս» ընկերությունում 2010-ին գրանցվել է աշխատակիցների շուրջ եռապատիկ աճ. ընկերությունից Մեդիամաքս-ին հայտնել են, որ աշխատակիցների թիվը 45-ից հասել է 125-ի, որոնցից 89-ը Երևանում, իսկ 36-ը՝ մարզերում: Բացի այդ ընկերությունը աշխատում են նաեւ 200 իրավաբանական և ֆիզիկական անձ հանդիսացող ապահովագրական գործակալների հետ: ՀՀ Կենտրոնական բանկից (ԿԲ) Մեդիամաքս-ին տրամադրված տվյալների համաձայն` 31.01.2011թ. դրությամբ ՀՀ-ում գործում էր 2927 ֆիզիկական անձ, 236 անհատ ձեռներեց և 415 իրավաբանական անձ ապահովագրական գործակալ: Tweet Դիտում՝ 12123