Երեւան /Մեդիամաքս/. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Մեդիամաքս գործակալությանը տված հարցազրոյցում ասել է. «ինձ հրամայական է թվում գալիք խորհրդարանական ընտրություններին արդար քաղաքական մրցակցության անհրաժեշտությունը»: Ռոբերտ Քոչարյանն այս մասին ասել է` պատասխանելով Մեդիամաքս-ի հետեւյալ հարցին.«Անցած երկու շաբաթների ընթացքում քաղաքական դաշտում քննարկվող ամենաարդիական թեման ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հայտարարությունն է այն մասին, թե ժամանակին, երբ ՀՀ նախագահն էիք, դուք, ցանկության դեպքում, կարող էիք կամ սեփական կուսակցություն ստեղծել, կամ էլ գլխավորել գործողներից մեկը, մասնավորապես` ՀՀԿ-ն, սակայն չկամեցաք: Կարո՞ղ եք բացատրել այդ շրջանի Ձեր գործողությունների տրամաբանությունը»:«Այո, իրոք, ես կուսակցություններ չեմ ստեղծել եւ չեմ ձգտել գլխավորել գործողներից մեկը: Այն ժամանակ գործող Սահմանադրությունը բավարար իշխանությամբ էր օժտում նախագահին, այնքան, որ հնարավոր էր վստահորեն իրականացնել որդեգրած քաղաքականությունը խորհրդարանական կուսակցությունների հետ համագործակցության մակարդակի վրա, առանց անմիջական ներգրավվածության կուսակցական գործունեության մեջ: Ավելին, դա որոշակի առավելություն էր տալիս, քանի որ թույլ էր տալիս նախագահին վեր կանգնել կուսակցական մրցակցությունից եւ հանդես գալ յուրաքանչյուր երկրին բնորոշ միջկուսակցական տարաձայնություններում որպես մրցավար: Քաղաքական մրցակցության դաշտում հնարավոր չէ միաժամանակ խաղացող եւ մրցավար լինել: Սահմանադրական բարեփոխումները լրջորեն քաղաքականացրեցին գործադիր իշխանությունը` բարձրացնելով կուսակցությունների դերը վերջինիս ձեւավորման գործում: Քանի որ ըստ Սահմանադրության ինձ մեկ տարուց էլ քիչ ժամանակ էր մնացել աշխատելու նոր պայմաններում որպես Հանրապետության նախագահ, ես որոշեցի չփոխել քաղաքական գործընթացում իմ մասնակցության ձեւաչափը, սակայն սկսեցի ավելի մեծ ուշադրություն դարձնել կոալիցիոն կուսակցությունների ներքին իրադրությանը, հատկապես` ՀՀԿ-ի: Վարչապետ Ա. Մարգարյանի, իսկ այնուհետ` վարչապետ Ս. Սարգսյանի հետ պայմանավորվածության համաձայն, գործադիր մարմինների բազմաթիվ հաջողակ ղեկավարների ես խորհուրդ եմ տվել անդամակցել ՀՀԿ-ին` ամրապնդելու համար վերջինիս կադրային ներուժը: Ի դեպ, նրանցից շատերն այսօր կուսակցության ղեկավար մարմիններում են: Դա բնականոն քաղաքական գործընթաց էր, որը միայն ուժեղացրեց Հանրապետական կուսակցությունը: ՀՀԿ-ում ոգեւորված էին դրանով: 2003 եւ 2007 թվականներին ինձ հետ անուն առ անուն համաձայնեցվել է ՀՀԿ նախընտրական ցուցակը: Եվ դա նախագահի եւ խորհրդարանում ամենամեծ խմբակցությունն ունեցող կուսակցության միջեւ համագործակցության բարձր մակարդակի ցուցանիշ էր: Դա բաց եւ ամբողջ հասարակության կողմից ընկալելի փոխգործակցություն էր, այլ ոչ թե ինչ-որ գաղտնի պայմանավորվածություն: Այն թույլ էր տալիս ինձ ղեկավարել երկիրը` չմտածելով կուսակցական առաջնորդության մասին: Ի դեպ, այդ համագործակցությունը դարձավ երկրի` այն տարիներին արձանագրված սոցիալ-տնտեսական զարգացման լուրջ հաջողության գրավականը, եւ խոսում է այդ գործընթացի բոլոր մասնակիցների պրագմատիզմի մասին:Կարծում եմ, քչերն էին այն ժամանակ կասկածում, որ ես որպես նախագահ ունակ եմ ոչ միայն ձեւավորել, այլեւ գլխավորել (ֆորմալ եւ ոչ ֆորմալ ձեւով) խորհրդարանական մեծամասնությունը: Պարզապես, ես ընտրել եմ խորհրդարանի եւ կուսակցությունների հետ փոխգործակցության այլ մոդել, որն այն ժամանակ առավել արդյունավետ էր եւ հնարավորություն էր տալիս նախագահին ամբողջովին կենտրոնանալ պետական գործունեության վրա եւ միաժամանակ մանեւրելու լայն դաշտ պահպանել ներքաղաքական գործերում: Ծավալված բանավեճի բնույթը ցույց տվեց, որ որոշ քաղաքական գործիչների հիշողությունը, ցավոք, չափազանց կարճ է:Սակայն, այս ամենն արդեն պատմություն է, եւ կարեւոր չէ, թե ով ինչ կարող էր անել եւ չարեց, կամ հակառակը: Այսօր կարեւոր է անել հնարավորը` երկրի շարունակական զարգացման համար: Ինձ հրամայական է թվում գալիք խորհրդարանական ընտրություններին արդար քաղաքական մրցակցության անհրաժեշտությունը», - ասել է Ռոբերտ Քոչարյանը Մեդիամաքս գործակալությանը տված հարցազրոյցում: Tweet Դիտում՝ 6809