Երեւան/Մեդիամաքս/. ՀՀ Կենտրոնական բանկի /ԿԲ/ դրամավարկային քաղաքականության վարչության պետ Արթուր Ստեփանյանն այսօր ասել է, որ դրամավարկային քաղաքականության նախատեսվող խստացումը չի հանգեցնի վարկավորման կտրուկ անկման: Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այսօր ներկայացնելով 2011թ. առաջին եռամսյակի ԿԲ դրամավարկային քաղաքականության ծրագիրը` Արթուր Ստեփանյանն ասել է, որ ընթացիկ տարում հնարավոր է վարկային տոկոսադրույքների որոշակի աճ, ինչը թույլ կտա մեղմել համախառն պահանջարկի ազդեցությունը գնաճի վրա: Միաժամանակ, նա վստահություն է հայտնել, որ վարկավորման բարձր տեմպը կպահպանվի, թեեւ կլինի ավելի զուսպ, քան նախորդ տարի: «Ամբողջ երկրում սննդամթերքի գների թռիչքային աճը հատկապես ցավագին է արտահայտվում այն տնտեսությունների վրա, որոնք ավանդաբար աշխատում են ցածր ինֆլյացիոն միջավայրում, եւ որտեղ սպառողական զամբյուղում սննդամթերքն ունի տեսակարար մեծ կշիռ: Այդ տնտեսությունների թվում է նաեւ Հայաստանը»,- ասել է Արթուր Ստեփանյանը: ՀՀ ԿԲ դրամավարկային քաղաքականության վարչության պետն ասել է, որ առաջին կիսամյակում սպասվող 9.5% գնաճը պայմանավորված է համաշխարհային շուկաներում գների շարունակվող աճով, սակայն ԿԲ-ի եւ կառավարության համալիր միջոցառումները թույլ կտան կտրուկ կրճատել գնաճը տարվա երկրորդ կեսից` այն հասցնելով թիրախային մակարդակի: Tweet Դիտում՝ 6616