Երեւան/Մեդիամաքս/. EuroЕnergy Holding եւ ABB Slovakia ընկերությունները մտադիր են ներդրումային ծրագրեր իրականացնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում (ԼՂՀ) եւ ՀՀ Սյունիքի մարզում: Ինչպես այսօր Երեւանում մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է Եվրոպայի հայկական միությունների ֆորումի ղեկավար Աշոտ Գրիգորյանը, այդ մասին համաձայնությունը ձեռք է բերվել ԼՂՀ եւ ՀՀ Սյունիքի մարզի ղեկավարության հետ: Նրա խոսքերով, EuroЕnergy Holding ընկերությունը մտադիր է 15-20 մլն եվրո ներդնել փոքր հիդրոէլեկտրակայանների /ՀԷԿ/ եւ Սյունիքում բնակելի շենքերի կառուցման համար, իսկ Արցախում ներդրումների չափսը պայմանավորված կլինի պետական պատվերից: EuroЕnergy Holding ընկերության ղեկավար Սենիկ Ջուլհակյանը հայտնել է, որ ընկերությունը ներդրումների մի մասը մտադիր է իրականացնել սեփական միջոցների հաշվին, իսկ մյուս մասը 10 տարի ժամկետով եւ տարեկան 5% տոկոսադրույքով կտրամադրի Սլովակիայի Արտահանման-ներմուծման բանկը: Նրա խոսքերով, ընկերությունը նաեւ նախատեսում է շինարարական նյութերի արտադրամաս կառուցել, որի շնորհիվ երկու տարածաշրջաններում կկառուցվեն բնակելի տներ: Շինանյութերի եւ փոքր ՀԷԿ-երի կառուցման աշխատանքները կսկսեն 2011 թվականի մայիսի 1-ին: Սենիկ Ջուլհակյանը նաեւ հայտնել է, որ ԼՂՀ-ում փոքր ՀԷԿ-երի կառուցումը իրականացվում է «Արցախ ՀԷԿ» ԲԲԸ-ի պատվերով, իսկ 2011-ի մայիսի 8-ից ԼՂՀ-ում շահագործման կհանձնվի «Թրղի-2» ՀԷԿ-ը: ABB Slovakia-ն հանդիսանում է էներգետիկ սարքերի եւ ավտոմատացման ամենամեծ էներգետիկ ընկերություններից մեկը: Ընկերությունն իրականացնելու է նոր ՀԷԿ-երի կառավարումն ու հանդիսանում է ԼՂՀ-ում եւ Հայաստանում շինարարական աշխատանքների հիմնական կապալառու: Tweet Դիտում՝ 8347