Երեւան/Մեդիամաքս/. ՀՀ կառավարությունն այսօր հաստատել է արտահանման խթանմանն ուղղված երկու ծրագիր: Ինչպես կառավարության նիստում հայտնել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, կառավարությունը հաստատել է «Սպայկա» ընկերության հայտը ավելացված արժեքի հարկի /ԱԱՀ/ վճարման եռամյա տարժամկետում տրամադրելու վերաբերյալ: Նախարարի խոսքերով, 2010թ. «Սպայկա» ընկերությունն ավարտել է թարմ մրգերի նախնական սառեցման եւ պահեստավորման համար անհրաժեշտ ենթակառուցվածքների ստեղծման ներդրումային ծրագրի առաջին փուլը: Արդյունքում «Սպայկա» ընկերությունը Հայաստանում ապահովել է շուրջ 207 նոր աշխատատեղ: Տիգրան Դավթյանն ասել է, որ 2011թ. ընկերությունը կավարտի 22,8 մլրդ դրամ ծավալի ներդրումային ծրագիրը եւ կապահովի շուրջ 70 հազար տոննա գյուղատնտեսական ապրանքների արտահանում ԱՊՀ եւ Եվրոպական Միության երկրներ: Ընկերությունը նախատեսում է ավելացնել աշխատատեղերի թիվը` հասցնելով այն 500-ի: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է, որ «Սպայկա» ընկերության ծրագիրը զգալի խթան կհանդիսանա արտահանման եւ գյուղատնտեսության զարգացման համար: Մեկ այլ որոշմամբ կառավարությունը բավարարել է «VKS Armenia» ՓԲԸ հայտը «ժամանակավոր ներկրում» մաքսային ռեժիմի արտոնյալ օգտագործման վերաբերյալ` 300 մլն դրամ ծավալի թեթեւ արդյունաբերական ապրանքատեսակների արտադրության սարքավորումների ներկրման նպատակով: Էկոնոմիկայի նախարարը հայտնել է, որ ընկերությունը մտադիր է մեկ տարվա ընթացքում ապահովել շուրջ 335 նոր աշխատատեղ: Tweet Դիտում՝ 8568