Երեւան /Մեդիամաքս/. Այսօրվա դրությամբ ավտոքաղաքացիական պատասխանատվության պարտադիր ապահովագրության /ԱՊՊԱ/ ենթակա 430 հազար ավտոտրանսպորտային միջոցից ապահովագրված է 265 հազարը (65%): Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այդ մասին այսօր Երեւանում տեղեկացրել է ՀՀ Կենտրոնական բանկի ֆինանսական համակարգերի եւ ֆինանսական կայունության քաղաքականության վարչության պետ Վահե Վարդանյանը: Նա հայտնել է, որ ամեն օր Հայաստանում կնքվում է 7-ից 10 հազ. ԱՊՊԱ պայմանագիր, «ինչը լավ ցուցանիշ է»: Տարեսկզբից ապահովագրական ընկերությունների եւ Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի կողմից արձանագրվել է շուրջ 700 ՃՏՊ, իսկ հատուցում ստանալու գրավոր հայտերի թիվը կազմել է 355: «Այսօրվա դրությամբ վճարվել է 120 հատուցում, որոնց միջին գումարը կազմում է 140 հազար դրամ: Դրանք այն դեպքերն են, երբ ավտոմեքենաների սեփականատերերը համաձայնության են գալիս առանց ապահովագրական ընկերության ներկայացուցչին դեպքի վայր կանչելու»,- պարզաբանել է Վահե Վարդանյանը: Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի տնօրեն Վահան Ավետիսյանը տեղեկացրել է, որ արձանագրվող ՃՏՊ-ների թիվը գտնվում է կանխատեսվող մակարդակում: «Ներկայումս ամեն օր արձանագրվող ՃՏՊ-ների միջին քանակը կազմում է 35, իսկ հատուցումների սակագների եւ ծավալների սահմանման հիմքում ընկած կանխատեսումները կազմում են օրական 45-50»,- ասել է Վահան Ավետիսյանը` նշելով, որ երբ Հայաստանում ավտոմեքենաների բոլոր սեփականատերերը ձեռք կբերեն ԱՊՊԱ պոլիսներ, նշված ցուցանիշը կհավասարվի կանխատեսվող մակարդակին: Tweet Դիտում՝ 6884