Երեւան /Մեդիամաքս/. Այօրվա նիստում ՀՀ ԿԲ խորհուրդը որոշեց անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը` 7.25%: 2010 թ. դեկտեմբերին նախորդ ամսվա նկատմամբ արձանագրվել է 1.8% գնաճ, որի արդյունքում 2010 թ. տարեկան գնաճը կազմել է 9.4%, այսօր Մեդիամաքս-ին հայտնեցին ԿԲ մամուլի ծառայությունում: Խորհուրդը փաստեց, որ 12-ամսյա գնաճի բարձր մակարդակը շարունակում է պայմանավորվել գյուղատնտեսական եւ միջազգային շուկաներում պարենային ապրանքների գների աճով. պարենային ապրանքների գների աճի ընդհանուր նպաստումը տարեկան գնաճին կազմել է 7.5 տոկոսային կետ: Ընդ որում, մրգի, բանջարեղենի, մսամթերքի, կաթնամթերքի եւ ձվի գների աճի նպաստումը կազմել է 5.0 տոկոսային կետ, ներմուծված պարենային ապրանքներինը` շուրջ 2 տոկոսային կետ: Խորհուրդը միակարծիք է, որ պահպանվում են միջազգային ապրանքային շուկաներից եկող գնաճային ճնշումները, որոնք շարունակաբար ուժգնանում են` պայմանավորված հիմնական միջազգային ապրանքային շուկաներում հիմնարարներից բխող լարվածության պահպանմամբ: Վերջինս, զուգակցվելով 2010 թ. գյուղատնտեսության ճյուղի զարգացումներով պայմանավորված գնաճային ճնշումներով, շարունակում է ձեւավորել երկրորդային ազդեցություններ եւ գնաճային սպասումներ: Այդուհանդերձ, խորհուրդը քիչ ռիսկային է համարում 2011 թ. ընթացքում գյուղատնտեսության ճյուղի նմանատիպ անկման արձանագրումը եւ դրանից բխող գնաճային ճնշումների ավելացումը: Խորհուրդը միակարծիք է նաեւ, որ համախառն պահանջարկի դանդաղ տեմպերով վերականգնումը դեռեւս գնաճային ճնշումներ չի ստեղծում, սակայն նկարագրված զարգացումների շարունակման պարագայում պահպանվում են գնաճի` նպատակային միջակայքի վերին սահմանը գերազանցելու ռիսկերը: Հաշվի առնելով համախառն պահանջարկի վրա դրամավարկային քաղաքականության ազդեցության լագերը, առաջարկի գործոնների ու դրանց երկրորդային ազդեցությունների դրսեւորումները եւ գյուղատնտեսության ճյուղի զարգացումների անորոշությունները, ԿԲ խորհուրդը դեռեւս հավանական է համարում դրամավարկային պայմանների խստացումը: Tweet Դիտում՝ 5982