«Ռենեսա». տարեվերջի խոշոր արտարժութային գործարքները արտասովոր երեւույթ չեն

30.12.2010 | 12:49 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. «ՆԱՍԴԱՔ ՕէՄԷՔՍ Արմենիա»-ի արտարժութային հարթակում երեկ տեղի է ունեցել անցնող տարվա համար ռեկորդային $20,46 մլն-ի առեւտուր, որի արդյունքում հայկական դրամն ԱՄՆ դոլարի նկատմամբ արժեզրկվել է 0,36%-ով (1.31 կետով)` մեկ դոլարի դիմաց կազմելով 363.81 դրամ:

Այս շաբաթվա ընթացքում դրամը թուլացել է դոլարի նկատմամբ 0.7%-ով (2.48 կետով):

Մեդիամաքս-ի խնդրանքով մեկնաբանելով նման ծավալի գործարքի եւ դրամի թուլացման պատճառները` «Ռենեսա» ներդրումային ընկերության տնօրեն Վաղինակ Սարոյանն ասել է, որ նման ծավալի գործարքը թելադրված է արտարժույթի նկատմամբ պահանջարկի աճով, ինչն ավանդական է Ամանորին նախորդող օրերի համար:

«Դա պայմանավորված է բազմաթիվ գործոնների համադրմամբ, որոնցից հիմնականներն են մի կողմից ներմուծված ապրանքներն իրացնելուց հետո  օտարերկրյա գործընկերների հանդեպ ներմուծողների պարտավորությունների մարումը, մյուս կողմից` ներքին շուկայում մանրածախ առեւտուր իրականացնողների կողմից` մատակարարների նկատմամբ պարտքերի վճարումը: Արտարժույթի նկատմամբ պահանջարկի աճի մեջ որոշ տեսակարար կշիռ են կազմում նաեւ Ամանորին արտասահման հանգստանալու մեկնողները», - ասել է Վաղինակ Սարոյանը:

Ըստ նրա, չնայած դոլարի նկատմամբ պահանջարկին, այս տարի նկատվում է ազգային արժույթի նկատմամբ վստահության  աճ: «Եթե 2009-ի վերջին բորսայում կատարվում էին $20-30 մլն-ի մի քանի գործարքներ, 2010-ի ավարտին մենք ականատես եղանք ընդամենը մեկ խոշոր գործարքի, որը զգալիորեն զիջում է վերը նշվածներին», - եզրափակել է «Ռենեսա»-ի ղեկավարը:

Դիտում՝ 7230
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW