Երեւան/Մեդիամաքս/. Համաշխարհային բանկի /ՀԲ/ տնօրենների խորհուրդը երեքշաբթի օրը հաստատել է Հայաստանին $19 մլն ծավալի վարկի տրամադրումը` «Հայաստանի առողջապահական համակարգի արդիականացման» ծրագրի երկրորդ փուլի լրացուցիչ ֆինանսավորման համար: Ինչպես Մեդիամաքս-ին հայտնել են ՀԲ երեւանյան ներկայացուցչությունում, ծրագիրը կօժանդակի ՀՀ կառավարության ջանքերին` ուղղված ընտանեկան բժշկության հիման վրա առաջնային բուժօգնության ծառայությունների ընդլայնմանը եւ մարզերում հիվանդանոցային ցանցի արդիականացմանը: ՀԲ ֆինանսավորման շնորհիվ, մասնավորապես, կնորացվեն 14 գյուղական ամբուլատորիաների ֆիզիկական պայմանները, կտրամադրվեն ժամանակակից սարքավորումներ, բժշկական անձնակազմը կվերապատրաստվի (ընտանեկան բժիշկներ եւ ընտանեկան բուժքույրեր) ընտանեկան բժշկության ուղղությամբ; Արարատի, Արմավիրի, Ապարանի եւ Գորիսի չորս մարզային հիվանդանոցների համար ձեռք կբերվեն սարքավորումներ եւ կահույք; լիարժեք կվերազինվեն Գավառի եւ Գյումրիի բժշկական կենտրոնները; կֆինանսավորվի Գյումրիում նոր հիվանդանոցի շենքի կառուցումը; ժամանակակից տեխնոլոգիաներով կվերազինվեն Մեղրիի եւ Կապանի, Աբովյանի, Ալավերդու եւ Վանաձորի, ինչպես նաեւ Բերդի մարզային հիվանդանոցային ցանցերը, կանցկացվի հիվանդանոցների բժշկական անձնակազմի ուսուցում: Ծրագրի երկրորդ փուլի ընդհանուր ֆինանսավորումը $25.3 մլն է, որից $6.3 մլն-ը ՀՀ կառավարությունը ֆինանսավորելու է սեփական միջոցներով: ՀԲ վարկը Հայաստանին տրամադրվում է 25 տարի մարման ժամկետով, 10 տարի արտոնյալ ժամանակահատվածով:Ծրագրի առաջին փուլի շրջանակներում ուսուցանվել է 1200 ընտանեկան բժիշկ եւ ավելի քան 1300 ընտանեկան բուժքույր: 79 համայնքներում կառուցվել են նոր ամբուլատորիաներ, 66 համայնքում դրանք հիմնանորոգվել են: Բոլոր 255 ամբուլատորիաները եւ բժշկական կենտրոնները ստացել են նոր բժշկական սարքավորումներ, կահույք եւ այլ անհրաժեշտ պարագաներ: Tweet Դիտում՝ 6146