Երեւան/Մեդիամաքս/. 2010թ. հայ գործարարները պակաս լավատես են երկրում տիրող տնտեսական իրավիճակի նկատմամբ, քան 2009թ.: Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այդ մասին ասվում է 36 երկրներում Grant Thornton International-ի կատարած ամենամյա հետազոտության մեջ, որն անցկացվում է մասնավոր ձեռնարկությունների ղեկավարների հարցման միջոցով: Հետազոտության համաձայն, առաջիկա 12 ամիսներին հայաստանյան տնտեսությանը լավատեսորեն են վերաբերում հարցված գործարարների 32%-ը` նախորդ տարվա 46%-ի եւ 2008թ. 63%-ի փոխարեն: Երկրում զբաղվածության աճ է ակնկալում հարցվածների 33%-ը, մինչդեռ 2009թ. զբաղվածության աճ էին ակնկալում հարցվածների 35%, իսկ 2008թ.` 63%-ը: Բիզնեսի աճը զսպող հիմնական գործոնների թվում հայ ձեռնարկատերերը մատնանշել են պահանջարկի նվազումը (46%), ինչպես նաեւ պետական կարգավորումն ու բյուրոկրատիան (36%): Միաժամանակ, ՀՀ թոփ-մենեջերների շրջանում շահույթի ակնկալիքները նախորդ տարվա համեմատ այս տարի ավելացել են 15 տոկոսային կետով. 2010թ. բիզնեսի շահութաբերություն է ակնկալում հարցվածների 45%-ը` 2009թ. 30%-ի փոխարեն: Հայաստանյան ընկերությունների ղեկավարների 61%-ը գոհ է տեղի վարկատուներից` համարելով, որ նրանք օգնում են բիզնեսի զարգացմանը: Հարցվածների 46%-ը 2011թ. ակնկալում է տնտեսության ֆինանսավորման աճ: Հարցվածների մեկ-քառորդը կարծում է, որ ֆինանսավորման մակարդակը չի փոխվի, իսկ 14%-ը ակնկալում է ֆինանսական միջոցների կրճատում: Հարցված թոփ-մենեջերների մեծամասնությունը (44%) կարծիք է հայտնել, որ կառավարության հակաճգնաժամային ծրագիրն անարդյունավետ էր, 29%-ն եղել է չեզոք դիրքորոշման, իսկ 16%-ը կառավարության ծրագիրը համարել է արդյունավետ: Tweet Դիտում՝ 5906