Երեւան/Մեդիամաքս/. ԱՊՊԱ պայմանները գյուղացիների համար պարզեցնելու վերաբերյալ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հանձնարարությունը վերաբերում է ոստիկանությունում ավտոմեքենաները հաշվառելու եւ հաշվառումից հանելու ընթացակարգին ու գնին: Ինչպես Մեդիամաքս-ին հայտնել են Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի մամուլի ծառայությունում, կազմակերպությունում մշակվել են 3 եւ ավել ամիսների համար ԱՊՊԱ պայմանագրերի կնքման սխեմաներ, սակայն քանի որ ավտոմեքենան ոստիկանությունում հաշվառելը եւ այն հաշվառումից հանելը քաղաքացիների համար կազմում է 5000-ական դրամ, ստացվում է, որ նրանք գրեթե ոչինչ չեն շահում ավտոմեքենան ընդամենը մի քանի ամսով ապահովագրելուց: «Այդ պատճառով ակնկալվում է, որ ոստիկանությունում ավտոմեքենաները հաշվառումից հանելն ու կանգնեցնելը կէժանանա կամ կդառնա անվճար»,- ասել են Ավտոապահովագրողների բյուրոյի մամուլի ծառայությունում: Վարչապետի հանձնարարականը վերաբերում է գյուղացիների ավտոտրանսպորտային միջոցներին, ովքեր իրենց ավտոմեքենաներն օգտագործում են տարին մի քանի անգամ: Ակնկալվում է, որ ՀՀ Ոստիկանության համապատասխան օրինագիծը այս շաբաթվա ընթացքում կներկայացվի կառավարության նիստում: Tweet Դիտում՝ 17038