Երեւան/Մեդիամաքս/. Համահայկական բանկի նախագահ է ընտրվել Վահրամ Ներսիսյանցը: Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը տեղեկացրել է, որ նախօրեին համապատասխան որոշում է կայացվել Համահայկական բանկի խորհրդի առաջին նիստում, եւ այսօր Վահրամ Ներսիսյանցի հետ կստորագրվի պայմանագիր: Մինչ Համահայկական բանկի ղեկավարի պաշտոնում ընտրվելը Վահրամ Ներսիսյանցը զբաղեցրել է ՀՀ նախագահի` տնտեսական հարցերով խորհրդականի պաշտոնը: 2009թ. նոյեմբերին վարչապետ Տիգրան Սարգսյանն ասել էր, որ Համահայկական բակը կսկսի ակտիվ գործունեություն ծավալել 2010թ., իսկ դրա բիզնես-պլանի մշակումը եւ ղեկավարի ընտրությունը հանձնարարվել է «հեղինակավոր միջազգային կազմակերպություններին»: 2009թ. մայիսին ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանն ասել էր, որ Համահայկական բանկը կդառնա «գլոբալ մանրածախ բանկ» եւ Հայաստանին թույլ կտա «հրաժեշտ տալ արտասահմանյան վարկերին»: Նա ասել էր, որ կառավարությունը ցանկանում է Հայաստան ուղղվող դրամական փոխանցումները վերածել կապիտալի, եւ այդ նպատակով կստեղծվի բանկ, որը մասնաճյուղեր կունենա ամբողջ աշխարհում: «Դա կլինի գլոբալ մանրածախ բանկ` ուղղված հայրենիքի սահմաններից դուրս ապրող հայերին»,- հայտարարել էր ՀՀ էկոնոմիկայի նախարարը: «Պատկերացրեք, եթե ողջ հայության գոնե 1%-ը նոր բանկում վարկային քարտ ձեւակերպի, դա այնքան գումար կբերի, որ մենք մեզ թույլ կտանք ընդմիշտ հրաժեշտ տալ միջազգային ֆինանսական ինստիտուտների վարկերին»,- նշել էր Ներսես Երիցյանը: Նա տեղեկացրել էր, որ ՀՀ կառավարությունը Համահայկական բանկի կապիտալում ներդրել է $20 մլն եւ մտադիր է սփյուռքից ներգրավել եւս $80 մլն: Ներսես Երիցյանը խոստովանել էր, որ համաշխարհային ճգնաժամի արդյունքում սփյուռքի մի շարք ներկայացուցիչներ սառեցրել են բանկի կապիտալում մասնակցելու իրենց որոշումները: «Սակայն մենք վստահ ենք, որ նրանք կվերադառնան, եւ մենք կիրագործենք բանկի ստեղծման մեր ծրագրերը»,- ընդգծել էր նախարարը: Tweet Դիտում՝ 16698