Երեւան/Մեդիամաքս/. Այսօր կայացած նիստում ԿԲ խորհուրդը որոշեց անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը` 7.25%: 2010 թ. նոյեմբերին` նախորդ ամսվա նկատմամբ արձանագրվել է 1.6% գնաճ, որի պարագայում 12-ամսյա ցուցանիշն ավելացել է 0.5 տոկոսային կետով` կազմելով 9.6%, այսօր Մեդիամաքս-ին հայտնեցին ԿԲ մամլո ծառայությունում: Խորհուրդը փաստեց, որ 12-ամսյա գնաճի բարձր մակարդակը շարունակում է պայմանավորվել գյուղատնտեսական եւ միջազգային շուկաներում պարենային ապրանքների գների աճով: ԿԲ Խորհուրդը գտնում է, որ արտաքին հատվածի գերակա ազդեցությունների պահպանման ներքո ուժեղանում են առաջարկի գործոններով պայմանավորված գնաճի երկրորդային ազդեցությունները եւ գնաճային սպասումները, որոնք առաջիկա ժամանակահատվածում գնաճային միջավայրի ձեւավորման առումով կարող են էական դառնալ: Չնայած ՀՀ տնտեսության ներքին զարգացումներով պայմանավորված համախառն պահանջարկի դանդաղ տեմպերով վերականգնումը դեռեւս գնաճային ճնշումներ չի ստեղծում, խորհուրդը միակարծիք է, որ տնտեսության զարգացումների նկարագրված հեռանկարում եւ նախանշված ռիսկերի նույն տեմպերով դրսեւորման պարագայում էապես փոքրանում է հավանականությունը, որ գնաճը կանխատեսվող ժամանակային հորիզոնում կգտնվի նպատակային միջակայքի սահմաններում: Հաշվի առնելով համախառն պահանջարկի վրա դրամավարկային քաղաքականության ազդեցության լագերը, առաջարկի գործոնների եւ դրանց երկրորդային ազդեցությունների ուժգնացման պարագայում ԿԲ խորհուրդն ավելի հավանական է համարում դրամավարկային պայմանների խստացումը: Tweet Դիտում՝ 11950