Երեւան/Մեդիամաքս/. Հայաստանը օտարերկրյա ներդրման ամենահաջող փորձերից է Credit Agricole խմբի համար, հայտարարել է «ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի» գլխավոր տնօրեն Ստեփան Գիշյանը: Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը այսօր Երեւանում կայացած «Օտարերկրյա ուղղակի ներդրումները Հայաստանում» ֆորումում Ստեփան Գիշյանն ասել է, որ եթե 2006թ. սեպտեմբերին «ԱԿԲԱ Բանկն» ուներ 12 մասնաճյուղ, 250 աշխատակից, $20 մլն կապիտալ, $70 մլն ակտիվներ եւ $1 մլն տարեկան շահույթ, ապա այսօր` բանկի կապիտալում Credit Agricole խմբի ընդգրկումից ընդամենը 4 տարի անց, «ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկն» ունի արդեն 40 մասնաճյուղ, 900 աշխատակից, շուրջ $100 մլն կապիտալ, $0,5 մլրդ ակտիվներ, իսկ տարեկան շահույթը հասնում է $10 մլն-ի: «Ակնհայտ է, որ մտնելով հայաստանյան բանկի կապիտալ` ներդրողը բավականին հաջող գործարք է կնքել: Կարող եմ ասել նույնիսկ, որ Հայաստանը Credit Agricole-ի համար դարձել է արտասահմանում ներդրման ամենահաջող փորձերից մեկը»,- ասել է Ստեփան Գիշյանը: Նրա խոսքերով, առաջին պատճառը, որի համար արժե ներդնել Հայաստանում, լավ շահույթ ստանալու հնարավորություն է, քանի որ «ՀՀ տնտեսությունում կան բազմաթիվ նշաձողեր, որոնք դեռեւս զբաղեցված չեն, եւ եթե որեւէ ընկերություն իր երկրում լավ է մասնագիտացված որոշակի ոլորտում, նա կարող է գալ եւ հաջողությամբ աշխատել Հայաստանում»: Խոսելով իշխանությունների հետ համագործակցության մասին` Ստեփան Գիշյանը ներկայացրել է Հայաստանում առաջին լիզինգային ընկերության` «ԱԿԲԱ-Լիզինգի» հիմնադրման փորձը, երբ ընկերության հիմնադիրները, հանդիպելով օրենսդրական խոչընդոտների, կառավարությանն են ներկայացրել իրենց առաջարկները, որոնք ընդունվել են համապատասխան օրենսդրական փոփոխությունների տեսքով: Tweet Դիտում՝ 19461