Երեւան/Մեդիամաքս/. Հայաստանում օտարերկրյա ներդրումների աճը կհանգեցնի լուրջ քաղաքական, տնտեսական եւ սոցիալական փոխակերպումների, ասել է Management Mix կիպրոսյան քոնսալթինգային ընկերության գլխավոր տնօրեն Ռաֆֆի Սեմերջյանը: Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այսօր Երեւանում կայացած «Օտարերկրյա ուղղակի ներդրումները Հայաստանում» ֆորումում Ռաֆֆի Սեմերջյանն ասել է, որ քաղաքական առումով օտարերկրյա ներդրումները կհանգեցնեն միջպետական կապերի ամրապնդմանը եւ Հայաստանի աշխարհաքաղաքական դերի բարձրացմանը: «Ինչ վերաբերում է մասնավոր հատվածին, ապա դա ընկերություններին հնարավորություն կտա ավելի հեշտ մուտք գործել արտաքին շուկաներ, ինչպես նաեւ կբարձրացնի Հայաստանում կապիտալի մատչելիությունը»,- ասել է Ռաֆֆի Սեմերջյանը` նշելով, որ ներկայումս բանկային ակտիվները Հայաստանում չեն գերազանցնում $2 մլրդ-ը, «ինչը շատ համեստ ցուցանիշ է»: Փորձագետի խոսքերով, անդրազգային կորպորացիաների` Հայաստան գալը տեղի ընկերություններին կօգնի ինտեգրվել համաշխարհային արժեշղթայում, ինչն արդյունքում կհանգեցնի ՀՀ ՀՆԱ զգալի աճի եւ կհանգեցնի առկա սոցիալական խնդիրների լուծմանը: Որպես խորհուրդ ՀՀ կառավարությանը Ռաֆֆի Սեմերջյանը նշել է ներդրումային մթնոլորտի բարելավման, բարձր ավելացված արժեքով արտահանվող ապրանքատեսակներ առաջարկող որոշ հատվածներին ֆինանսական եւ հարկաբյուջետային արտոնությունների տրամադրման, Հայաստանը որպես հրապուրիչ տնտեսություն ունեցող երկիր «բրենդավորման»` աշխարհում վերջինի ճանաչելիության բարձրացման նպատակով, ինչպես նաեւ հայաստանյան իշխանությունների պրոակտիվ քաղաքականության անհրաժեշտությունը օտարերկրյա խոշոր ներդրողների ներգրավման գործում: Tweet Դիտում՝ 14029