Երեւան/Մեդիամաքս/. «Հայաստան» համահայկական հիմնադրամի եւ Telcell-ի միջեւ ստորագրվել է համաձայնագիր, որի շնորհիվ ընկերության վճարային տերմինալների միջոցով կարելի է նվիրատվություններ կատարել հիմնադրամի «Ջուրը կյանք է» ծրագրին: «Ներդնելով 200, 500 կամ 1000 դրամ` մարդիկ կարող են իրենց ավանդն ունենալ այնպիսի լուրջ ծրագրերի իրականացման գործում, ինչպիսին է Արցախի ջրային ենթակառուցվածքի բարելավումը եւ Հայաստանի գյուղական համայնքների զարգացումը»,- ասել է «Թել-Սել» ՓԲԸ գործադիր տնօրեն Արամ Ազատյանը: «Վճարային տերմինալների միջոցով նվիրատվություններ կատարելը 2010թ. նորարարություն է: Այժմ, ի թիվս SMS եւ օնլայն նվիրատվությունների ու փոստային փոխանցումների, մեր հայրենակիցները կարող են օգտվել եւս մեկ հարմարավետ համակարգից»,- ասել է «Հայաստան» հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը: Telcell-ի տերմինալների միջոցով կատարված նվիրատվություններից միջնորդավճար չի գանձվում: «Ջուրը կյանք է» ծրագրի հաշվին վճարում կատարելու համար պետք է տերմինալի վրա սեղմել նախագծի լոգոտիպով կոճակը, գրել բջջային հեռախոսահամարը եւ կատարել վճարումը: Tweet Դիտում՝ 12270