Երեւան/Մեդիամաքս/. Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը /ՎԶԵԲ/ Հայաստանում հիմնել է Կայուն էներգետիկայի ֆինանսավորման հիմնադրամ (Armenian Sustainable Energy Financing Facility - ArmSEFF): Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, ՎԶԵԲ-ի երեւանյան գրասենյակի ղեկավար Վալերիու Ռազլոգը այսօր ասել է, որ հիմնադրամը ստեղծվել է հայաստանյան ձեռնարկությունների էներգախնայողության ծրագրերի ֆինանսավորման նպատակով` բանկային հատվածի միջոցով: Գումարը, որը Եվրաբանկը կտեղաբաշխի հայաստանյան բանկերում այդ ծրագրերի իրականացման նպատակով, կկազմի $20 մլն, իսկ հետագայում նախատեսվում է այն համալրել եւս $5 մլն-ով: Հիմնադրամի միջոցներից ֆինանսավորում կարող են ստանալ ինչպես վերականգնվող էներգետիկայի օբյեկտները, այնպես էլ այլ արտադրական ձեռնարկությունները, որոնք կներդնեն էներգախնայողության համակարգեր: Այն ընկերությունները, որոնք ցանկանում են վարկ ստանալ էներգախնայողության համակարգերի ներդրման նպատակով, կստանան Ավստրիայի ֆինանսների նախարարության կողմից ֆինանսավորվող անվճար տեխնիկական օժանդակություն: Վալերիու Ռազլոգը նշել է, որ այդ ծրագրով ՎԶԵԲ-ը նպատակ է հետապնդում աջակցել հայաստանյան ընկերությունների մրցունակության բարձրացմանը, էլեկտրաէներգիայի սպառման ու ջերմագազերի արտանետման կրճատմանը: ՎԶԵԲ-ի երեւանյան գրասենյակի ղեկավարը հիշեցրել է, որ ծրագրի շրջանակներում առաջին համաձայնագիրը ($3 մլն) ստորագրվել է «Անելիք Բանկի» հետ: Բանկի վարչության նախագահ Սամվել Ճզմաչյանը հոկտեմբերի 18-ին նշել էր, որ այդ ծրագրով ֆինանսավորման տոկոսադրույքները չեն գերազանցի տարեկան 13%-ը, վարկի առավելագույն ծավալը կարող է կազմել $2.5 մլն, մարման ժամկետը` մինչեւ 5 տարի: Հիմնադրամի մասին լրացուցիչ տեղեկատվություն հասանելի է www.armseff.org հասցեով: Tweet Դիտում՝ 14259