Երեւան/Մեդիամաքս/. «Գրանթ Թորնթոն Ինթերնեշնլ» միջազգային խմբի անդամ «Գրանթ Թորնթոն Ամիօ» ընկերությունը հայտարարել է Տաջիկստանում դուստր ձեռնարկության գործունեության մեկնարկի մասին: Ինչպես Մեդիամաքս-ին հայտնել են «Գրանթ Թորնթոն Ամիօ»-ի մարքեթինգի բաժնում, հոկտեմբերի 1-ից «Գրանթ Թորնթոն Տաջիկստանը» պաշտոնապես ընդգրկվել է «Գրանթ Թորնթոն Ինթերնեշնլ»-ի կազմում որպես լիիրավ անդամ: «Գրանթ Թորնթոն Տաջիկստանի» տնօրեն-բաժնետեր է նշանակվել «Գրանթ Թորնթոն Ամիօ» ընկերության բաժնետեր Գուրգեն Հակոբյանը: Գուրգեն Հակոբյանի խոսքերով, նոր դուստր ընկերության հիմնադրման մասին որոշումը պայմանավորված է եղել միջազգային մրցույթներին «Գրանթ Թորնթոն Ամիօ»-ի մշտական մասնակցությամբ, որի հետեւանքով վերջին տարիներին ընկերությունը բավարար թվով հաճախորդներ է ձեռք բերել Տաջիկստանում: «Ներկայումս մեր հիմնական խնդիրն է զարգացնել նորաստեղծ ընկերությունը եւ ձեռք բերել առաջատար դիրք շուկայում: Այդ գործընթացը կիրականացվի Տաջիկստանում տեխնիկական եւ մարդկային ռեսուրսների ընդլայնման, տեղական աշխատողների եւ բաժնետերերի ներգրավման միջոցով»,- ընդգծել է Գուրգեն Հակոբյանը: «Գրանթ Թորնթոն Տաջիկստանը» «Գրանթ Թորնթոն Ամիօ»-ի երկրորդ արտասահմանյան դուստր ընկերությունն է Վրաստանից հետո: «Դուշանբեում մեր նոր դուստր-ձեռնարկության գրանցումը կարեւոր քայլ է մեզ համար տարածաշրջանում մեր ցանցը զարգացնելու ուղղությամբ: Հուսով ենք հասնել նույնպիսի հաջողությունների, ինչպիսիք գրանցեցինք Վրաստանում»,- ասել է «Գրանթ Թորնթոն Ամիօ» ընկերության տնօրեն-բաժնետեր Գագիկ Գյուլբուդաղյանը: Tweet Դիտում՝ 14478