Երեւան/Մեդիամաքս/. Ավտովարորդների իրավունքների պաշտպանության «Աքիլլես» կենտրոնի նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը հայտարարել է ավտոքաղաքացիական պատասխանատվության պարտադիր ապահովագրության /ԱՊՊԱ/ ոլորտում հայ վարորդների իրավական գրագիտության բարձրացմանն ուղղված տեղեկատվական լայն աշխատանք ծավալելու անհրաժեշտության մասին: Ինչպես Մեդիամաքս-ի հետ հարցազրույցում ասել է Էդուարդ Հովհաննիսյանը, ԶԼՄ-ները, մասնավորապես, հեռուստատեսությունը ուշադրությունը սեւեռում են ապահովագրական պոլիսների վաճառքի վրա, մինչդեռ նրանք պետք է ծավալեն նաեւ բացատրական լուրջ աշխատանք ԱՊՊԱ իրավական ասպեկտների վերաբերյալ: Հովհաննիսյանի խոսքերով, կազմակերպության ստացած բազմաթիվ զանգերը վկայում են վարորդների շրջանում ԱՊՊԱ ոլորտի վերաբերյալ տարրական գիտելիքների բացակայության մասին` սկսած ԱՊՊԱ-ի մեկնաբանությունից մինչեւ վարորդների իրավունքներն ու պարտականությունները ապահովագրության դեպքը վրա հասնելիս: «ԱՊՊԱ ոլորտը կարգավորող օրենքը բավականին ճկում եւ մանրամասն է, եւ դա քայլ է դեպի առաջ: Միաժամանակ, կարծում եմ, որ օրենքի ընդունման պահից մինչեւ դրա ներդրումը պետք է անցնի առնվազն մեկ տարի` վարորդների շրջանում բացատրական լայն աշխատանք անցկացնելու նպատակով»,- ընդգծել է Էդուարդ Հովհաննիսյանը: Անդրադառնալով պոլիսների վաճառքի կազմակերպման գործընթացին` «Աքիլլեսի» ղեկավարը նշել է, որ ապահովագրական ընկերությունները գործակալային լայն ցանցի ձեւավորման բավականաչափ լուրջ աշխատանք են ծավալել: «Այսօր հաշվի մեջ է յուրաքանչյուր հաճախորդ, մնում է, որ իրենք վարորդները դրսեւորեն բարի կամք եւ ժամանակին ձեւակերպեն ԱՊՊԱ պոլիսները»,- ասել է նա: Էդուարդ Հովհաննիսյանը համաձայնել է այն կարծիքին, որ ապահովագրական ընկերությունների համար ԱՊՊԱ-ն կդառնա ոչ շահավետ ապրանքատեսակ: Նրա գնահատմամբ, ԱՊՊԱ ներդրմամբ ճանապարհատրանսպորտային պատահարների պաշտոնական վիճակագրությունը կավելանա 5-7 անգամ: «ԱՊՊԱ ներդրման առաջին տարին կտա բազմաթիվ հարցերի պատասխաններ: Իմ կանխատեսումներով, հետագա տարիներին ապահովագրական պոլիսների արժեքը կավելանա նվազագույնը 30%-ով»,- նշել է Հովհաննիսյանը: Պարտադիր ավտոապահովագրությունն ուժի մեջ է մտնում 2011թ. հունվարի 1-ից, եւ պոլիսների ձեւակերպումը տարժամկետելու յուրաքանչյուր 10 օրվա համար տուգանքների ծավալը կավելանա 5 հազ. դրամով: Tweet Դիտում՝ 12301