Երեւան/Մեդիամաքս/. ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ասել է, որ աշխարհի տուրիստական քարտեզում Հայաստանն այսուհետ ներկայանում է որպես ամենաերկար ճոպանուղի ունեցող երկիրը: Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այսօր կառավարության նիստում Տիգրան Սարգսյանն ընդգծել է, որ «Տաթեւի վերածնունդ» ծրագիրը հնարավոր է դարձել մասնավոր եւ պետական հատվածի համագործակցության շնորհիվ: Նա հիշեցրել է, որ ՀՀ կառավարությունը ֆինանսական մասնակցություն է ցուցաբերել ենթակառուցվածքների վերականգնմանն ու «Տաթեւի թեւեր» ճոպանուղու բացման մասին գովազդային արշավի անցկացմանը: Վարչապետը նշել է Հայաստանի Ազգային մրցունակության հիմնադրամի հատուկ դերը «Տաթեւի վերածնունդ» նախագծում` նկատելով, որ այն գտնվում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի անմիջական հսկողության ներքո: Կառավարության ղեկավարն առանձնակի շնորհակալություն է հայտնել «Տրոյկա Դիալոգ» ընկերության ղեկավար Ռուբեն Վարդանյանին եւ նրա ընտանիքին «Տաթեւի վերածնունդ» ծրագրի իրականացման գործում «մեծածավալ ավանդի» համար: «Այդ օրինակը պետք է օրինակելի լինի այլ ձեռնարկատերերի համար: Առաջիկայում մենք կներկայացնենք այլ նախագծեր մասնավոր հատվածի եւ պետության համագործակցության համար»,- ասել է Տիգրան Սարգսյանը: Tweet Դիտում՝ 10753