Երեւան/Մեդիամաքս/. Միջազգային ֆինանսական կորպորացիան (ՄՖԿ) հեջավորելու է «Ամերիաբանկի» միջազգային փոխառությունների արժութային եւ տոկոսադրույքային ռիսկերը: Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այսօր Երեւանում արժույթի եւ տոկոսադրույքի սվոփերի գլխավոր համաձայնագիր են ստորագրել ՄՖԿ-ի կովկասյան տարածաշրջանի տնօրեն Թոմաս Լյուբեկը եւ «Ամերիաբանկի» ներդրումային բանկինգի տնօրեն Անդրեյ Շինկեւիչը: Ըստ համաձայնագրի, ՄՖԿ-ն «Ամերիաբանկին» կտրամադրի ԱՄՆ դոլարով արտահայտված տոկոսադրույքի սվոպ, ինչպես նաեւ բազմարժութային սվոպներ, ինչը բանկին թույլ կտա ավելի լավ կառավարել ներգրավված ֆինանսական միջոցների տոկոսադրույքի ռիսկը, ինչպես նաեւ եվրոյով արտահայտված ավանդային բազայի արժութային ռիսկը: Ինչպես մեկնաբանել է Անդրեյ Շինկեւիչը, համաձայնագրի ստորագրումը բացատրվում է նրանով, որ բանկը հիմնականում ֆինանսական միջոցներ է ներգրավում արտասահմանից LIBOR (London Interbank Offered Rate – Լոնդոնի միջբանկային առաջարկի տոկոսադրույք) տոկոսադրույքին կապակցված լողացող փոխարժեքով, իսկ հայաստանյան վարկառուներին տրամադրում է ֆիքսված տոկոսադրույքով եւ, այդպիսով, ստանձնում է փոխառությունների միջազգային տոկոսադրույքների տատանումների ռիսկերը: ՄՖԿ-ի կովկասյան տարածաշրջանի տնօրեն Թոմաս Լյուբեկը նշել է, որ դա Հայաստանում ՄՖԿ-ի առաջին սվոպ-համաձայնագիրն է, որը «Ամերիաբանկին» կտա ռիսկերի կառավարման կարեւոր գործիք: Թոմաս Լյուբեկի խոսքերով, այդ համաձայնագիրը շրջանակային է եւ ենթադրում է «Ամերիաբանկի» միջազգային փոխառությունների տոկոսադրույքային եւ արժութային ռիսկերի հեջավորում` անկախ նրանից, թե որ ֆինանսական կառույցը հանդես կգա որպես վարկատու: Tweet Դիտում՝ 19056