ԿԲ խորհուրդը անփոփոխ թողեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը` 7.25%

13.10.2010 | 09:58 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. Հոկտեմբերի 12-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը` 7.25%:

2010 թ. սեպտեմբերին նախորդ ամսվա նկատմամբ արձանագրվել է 0.2% գնանկում, որի պարագայում 12-ամսյա ցուցանիշը նվազել է 1.0 տոկոսային կետով` կազմելով 8.6%, Մեդիամաքս-ին հայտնեցին ԿԲ-ում:

ԿԲ Խորհուրդը փաստեց, որ չնայած պարենային ապրանքների միջազգային շուկաների և գյուղատնտեսության ոլորտի զարգացումները հանգեցրել են բարձր գնաճային միջավայրի ձեւավորմանը, այդուհանդերձ, գնահատվում է, որ 12-ամսյա գնաճի` սեպտեմբերին արձանագրած նվազման միտումը կշարունակվի, եւ կանխատեսվող ժամանակային հորիզոնում այն կգտնվի նպատակային միջակայքի վերին սահմանի մոտ: 

Խորհուրդը միակարծիք է, որ չնայած տնտեսական աճի տեմպերի դանդաղմանը, նկատվում է ներքին պահանջարկի աստիճանական վերականգնում: Վերջինս, սակայն, դեռևս գնաճային ճնշումներ չի առաջացնում, ավելին, գնաճային միջավայրի մեղմմանը շարունակում են նպաստել տարեսկզբից դրամավարկային քաղաքականության խստացումը, ինչպես նաեւ արտարժութային շուկայի զարգացումները:

Հաշվի առնելով ներկա իրավիճակը, որում գնաճային միջավայրը շարունակում է ձևավորվել առաջարկի գործոնների ազդեցության ներքո, ներառյալ պարենային եւ հումքային ապրանքների միջազգային շուկաներում նոր ձեւավորվող ռիսկերը, ԿԲ խորհուրդը դեռեւս ձեռնպահ է մնում դրամավարկային քաղաքականության խստացումից:

Դիտում՝ 14243

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW