ԿԲ-ն հաստատել է ԱՊՊԱ պայմանագրերի կնքման սակագները

08.10.2010 | 17:27 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. Ավտոքաղաքացիական պատասխանատվության պարտադիր ապահովագրության /ԱՊՊԱ/ պայմանագրերի արժեքի որոշման համար որպես ռիսկային գործոններ են ընտրվել տրանսպորտային միջոցի տեսակը, շահագործման նպատակը, վարորդի տարիքը եւ վարորդական փորձը, ինչպես նաեւ ավտոմեքենայի շարժիչի հզորությունը:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այդ մասին այսօր Երեւանում հայտնել է ՀՀ Կենտրոնական բանկի /ԿԲ/ փոխնախագահ Վաչե Գաբրիելյանը` ներկայացնելով ԿԲ կողմից հաստատված` ԱՊՊԱ տարեկան պայմանագրերի կնքման սակագները:

Նա նշել է, որ ապահովագրավճարների հաշվարկման ժամանակ որոշում է կայացվել հաշվի չառնել տրանսպորտային միջոցի շահագործման հիմնական վայրը, շահագործման հաճախակիությունն ու վարորդի առողջական վիճակը: Վաչե Գաբրիելյանը չի բացառել, որ հետագայում կմշակվեն նշված չափանիշները հաշվի առնող նախագծեր:

Հիմնական սակագինը մինչեւ 80 ձիաուժ հզորությամբ շարժիչով սեփական օգտագործման մարդատար ավտոմեքենաների համար, որոնց վարորդների տարիքը բարձր է 23-ից, իսկ վարորդական փորձը` 3 տարուց, սահմանվել է 25 հազ. դրամ:

Եթե մարդատար ավտոմեքենայի շարժիչի հզորությունը կազմում է 81-140 եւ 141-230 ձիաուժ, ապա տարեկան պայմանագրերի արժեքը կկազմի, համապատախանաբար, 32 000 եւ 41 000 դրամ (եթե վարորդն ունի 3-ամյա փորձ): Գերհզոր մարդատար ավտոմեքենաների (231 ձիաուժից ավել) փորձառու վարորդների համար ԱՊՊԱ պոլիսի արժեքն է 46 000 դրամ:

Հասարակական տրանսպորտային միջոցների (տրոլեյբուսներ եւ ավտոբուսներ) օգտագործումից բխող պատասխանատվության ապահովագրության արժեքը տատանվում է 36 հազ.-ից 58 հազ. դրամի սահմաններում, բեռնատար տրանսպորտային միջոցներինը` 37 հազ.-ից 59 հազ., ծառայողական ավտոմեքենաներինը` 26 հազ.-ից 76 հազ., տաքսիներինը (այդ թվում նաեւ երթուղային)` 37 հազ.-ից 106 հազ. դրամի սահմաններում:

Վաչե Գաբրիելյանը նշել է, որ ապահովագրական ընկերության ընտրության հարցում տրանսպորտային միջոցների սեփականատերերի մոտ հնարավոր խառնաշփոթից խուսափելու նպատակով կարգավորիչները որոշել են ապահովագրողներին պարտավորեցնել առաջարկել ծառայությունների նմանատիպ փաթեթներ: Ընկերությունները կարող են մրցակցել միայն սակագների սահմանման հարցում. ԱՊՊԱ տարեկան ապահովագրական պոլիսների ձեռք բերման նվազագույն նշաձողը կազմում է 19 հազ. դրամ, առավելագույնը` 110 հազ. դրամ:

Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի տնօրեն Վահան Ավետիսյանը հայտնել է, որ հաջորդ շաբաթվա սկզբից բյուրոյի կայքէջում (www.paap.am) կհրապարակվի ԱՊՊԱ պայմանագրերի սակագների ամբողջական ցանկը: Պոլիսների վաճառքը Հայաստանում մեկնարկում է հոկտեմբերի 18-ին:

Դիտում՝ 17376
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW