Երեւան/Մեդիամաքս/. Հայաստանում ստեղծվել է «Ազգային սոցիալական բնակարանային ասոցիացիա» հիմնադրամը: Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, հիմնադրամի տնօրեն Արա Նազինյանի խոսքերով, երեկ կայացել է Հոգաբարձուների խորհրդի առաջին նիստը, որի արդյունքում հիմնադրամի նախագահ է ընտրվել ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը: Ինչպես նշել է Արա Նազինյանը, կազմակերպության նպատակը ցածր եւ միջին եկամուտ ունեցող ընտանիքներին մատչելի բնակարանով ապահովելն է: Նա ընդգծել է, որ հիմնադրամը մտադիր է ակտիվ համագործակցել պետական եւ տեղական իշխանությունների հետ Հայաստանում սոցիալական բնակարանային հիմնադրամի ստեղծման ներդրումային ծրագրերի իրականացման գործում: Այդ հարցում հիմնադրամն ակտիվերոն համագործակցում է հոլանդական գործընկերների հետ, որոնք սոցիալական բնակարանաշինության ոլորտում ունեն բազմամյա փորձ: Հոգաբարձուների խորհրդի անդամ, Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանի խոսքերով, ելնելով տնտեսական զարգացման հեռանկարներից` հիմնադրամը նշանավորել է ծրագրի զարգացումը մարզերում: Արդեն նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել սոցիալական բնակարանային ծրագիրը Դիլիջան եւ Հրազդան քաղաքներում իրականացնելու մասին: Նա ընդգծել է, որ առաջնահերթություն է տրվելու նախեւառաջ սահմանամերձ տարածքներին, որտեղ շատ քիչ է զարգացած բնակարանաշինությունը: Հոլանդական կողմի Հոգաբարձուների խորհրդի անդամ, ինժեներ Հենկ Վեստրան ասել է, որ Նիդեռլանդներում ընդհանուր բնակելի ֆոնդի 30%-ը զբաղեցնում է սոցիալականը: Նա նկատել է, որ «Հայաստանում դեռեւս այդ հատվածը բացակայում է, եւ մենք մտադիր ենք մեր փորձը կիսել այդ ուղղությամբ»: Հիմնադրամի տնօրեն Արա Նազինյանը նշել է, որ ներդրումային ծրագրերի իրականացման համար առաջին փուլում նախատեսվում է ներգրավել ինչպես հոլանդական ընկերություններ, այնպես էլ հայաստանյան առեւտրային բանկեր: Նա դժվարացել է նշել վճարումների ծավալը, սակայն ասել է, որ դրանք շուկայականից ցածր կլինեն: Արա Նազինյանը նկատել է, որ ներկայումս Հայաստանում շուրջ 30 հազար ընտանիք ունի սոցիալական բնակարանի կարիք: Tweet Դիտում՝ 13106