Երեւան/Մեդիիամաքս/. ՀՀ Ազգային Ժողովն այսօր առաջին ընթերցմամբ ընդունել է օրենսդրական փոփոխությունների փաթեթը, որով նախատեսվում է բարձրացնել ծխախոտի, բենզինի եւ թունդ ալկոհոլային խմիչքների ակցիզային տոկոսադրույքները: Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, փոփոխությունների ընդունմանը կողմ են քվեարկել 54, դեմ` 21 պատգամավորներ: Մինչ քվեարկության սկիզբը «Դաշնակցություն» խմբակցության ղեկավարը հայտարարել է, որ օրինագծի հեղինակներն ուշադրություն չեն դարձրել խմբակցության առաջարկին եւ փորձում են ընդունել փոփոխությունները, որոնք բխում են ներկրողների, այլ ոչ թե տեղական արտադրողների շահերից: Նրա խոսքերով, փոփոխություններն ուղղակիորեն կհարվածեն բնակչության գրպանին, քանի որ մենաշնորհային ձեռնարկություններն արհեստականորեն կբարձրացնեն ապրանքների գները: Խորհրդարանի խոսնակ Հովիկ Աբրահամյանը քննադատել է «Դաշնակցություն» խմբակցության ներկայացուցչի հայտարարությունները` նշելով, որ «Հայաստանի կոալիցիոն կառավարությունը նրա համար չի ձեւավորվել, որպեսզի լոբբինգ իրականացնի ներկրողների շահերի օգտին եւ պատվերով օրենքներ ընդունի»: «Մենք միշտ պաշտպանում ենք տեղական արտադրողի շահերը. անհրաժեշտ է քննարկումներ անցկացնել եւ այլ օրենքներում կատարել լրացումներ, որոնք թույլ կտան սուբսիդավորել որոշ ոլորտներ տեղական արտադրողների համար»,- հայտարարել է ԱԺ նախագահը: Tweet Դիտում՝ 7658