2010թ. 9 ամիսների ընթացքում ապրանքաշրջանառությունը ՀՀ-ի եւ Վրաստանի միջեւ աճել է 50%-ով

04.10.2010 | 14:27 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. Հայաստանի եւ Վրաստանի արտաքին քաղաքականության գերատեսչությունների ղեկավարները հանդիպում են պարբերաբար, ամենաքիչը` 2 ամիսը մեկ անգամ` հարեւան երկրների միջեւ հարաբերություններում առկա բազմաթիվ հարցերի քննարկման նպատակով:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այդ մասին այսօր Երեւանում հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը` հանդես գալով իր վրաց պաշտոնակից Գրիգոլ Վաշաձեի հետ համատեղ մամուլի ասուլիսում:

Նրա խոսքերով, «Վրաստանի հետ հարաբերություններում չկան խնդիրներ, որոնք հնարավոր չէ կարգավորել բանակցությունների եւ հանդիպումների միջոցով»: Երեւանում կայացած հանդիպումների ընթացքում երկու երկրների ԱԳՆ ղեկավարները երկկողմ հարաբերությունների հարցերի թվում քննարկել են Վրաստանում հայերի վիճակը, էներգետիկայի եւ տրանսպորտի ոլորտում համագործակցության զարգացումը:

Հայ նախարարը գոհունակությամբ նշել է, որ 2010թ. 9 ամիսների ընթացքում Հայաստանի եւ Վրաստանի միջեւ ապրանքաշրջանառությունը 2009թ. նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 50%-ով, եւ հնարավորություն կա այդ ցուցանիշը մինչեւ տարեվերջ հասցնել $200 մլն-ի: Նա դրական է գնահատել այդ «դրական դինամիկան»` հավելելով, որ այս տարի Վրաստան են այցելել ավելի քան 300 հազ. զբոսաշրջիկներ Հայաստանից:

Գրիգոլ Վաշաձեն հայտարարել է, որ հայ-վրացական հարաբերությունները ներկայումս գտնվում են ավելի լավ վիճակում, քան երբեւէ` երկու երկրների ղեկավարների եւ, ավելի պակաս, Հայաստանի եւ Վրաստանի արտաքին քաղաքականության գերատեսչությունների ղեկավարների ջանքերի շնորհիվ: Նրա խոսքերով, երկկողմ հարաբերությունների վերաբերյալ հարցերի քննարկումը թույլ է տալիս դրանք չվերածել խնդիրների: Նա ողջունել է երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառության աճը համաշխարհային ֆինանսական եւ տնտեսական ճգնաժամի պայմաններում` հավելելով, որ դա «խայտառակ ցածր ցուցանիշ է հարեւան երկրների համար»:

Դիտում՝ 9648
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW