Երեւան/Մեդիամաքս/. Մինչեւ 2012թ. ավարտը շահագործման կհանձնվեն 1000 բնակարաններ` նախատեսված ՀՀ երիտասարդ դասախոսների եւ գիտաշխատողների համար: Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այդ մասին այսօր Երեւանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Արսեն Քարամյանը: Նրա խոսքերով, մինչեւ 2012թ. ավարտը նախատեսվում է կառուցել 5 բնակելի համալիր, որից 3-ը Երեւանում, եւ մեկական` Սյունիքի եւ Տավուշի մարզերում: Արսեն Քարամյանը տեղեկացրել է, որ այդ նախագծերի արդյունքում ՀՀ տնտեսությունում ավանդը կկազմի շուրջ 36 մլրդ դրամ, կբացվեն 2600 նոր աշխատատեղեր: Նա նշել է, որ մարզերի երիտասարդ գիտաշխատողների համար կգործի վարկային արտոնյալ ծրագիր, որը, ՀՀ ԿԲ հետ պայմանավորվածությունների համաձայն, նախատեսում է 20 տարի մարման ժամկետ, 20% կանխավճար եւ տարեկան 10% տոկոսադրույք: Արսեն Քարամյանը նկատել է, որ այդ ծրագրերի շրջանակներում բնակարանների գները զգալիորեն ցածր են շուկայականից, օրինակ, երկսենյականոց բնակարանի արժեքը կկազմի միջինը $26-27 հազար: Tweet Դիտում՝ 13073