Երեւանում մեկնարկել է Հայ-գերմանական գործարար համաժողովը

30.09.2010 | 16:01 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. Այսօր Երեւանում իր աշխատանքներն է սկսել Զարգացման Հայկական գործակալության կողմից նախաձեռնած` Հայ-գերմանական գործարար համաժողովը:

Ինչպես տեղեկացնում է Մեդիամաքս գործակալությունը, Գերմանիայի էկոնոմիկայի եւ տեխնոլոգիաների նախարարության ԱՊՀ երկրների հետ փոխգործակցության բաժնի պետ Անդրեաս Նոյմանը հայտարարել է, որ Հայաստանը բարեփոխումների, տնտեսության դիվերսիֆիկացման, ինչպես նաեւ գլոբալ շուկաներում ինտեգրման կարիք ունի:

Անդրեաս Նոյմանը նշել է, որ Գերմանիան պատրաստ է իր ներուժն ու պաշարները օգտագործել Հայաստանում, սակայն անհրաժեշտ են համապատասխան իրավական երաշխիքներ` երկրում գերմանական կապիտալի պաշտպանության համար: Նրա խոսքերով, 2009 թ-ի տվյալներով Գերմանիան առաջին տեղն է զբաղեցնում Հայաստանից արտահանման ծավալներով, եւ չորրորդ տեղը` ներկրման ծավալներով, եւ “մենք գիտենք, որ ձեր երկիրը հետաքրքրված է մեզ հետ գործարար հարաբերությունների խորացման հարցում”:

Հայաստանի էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը նշել է, որ հայ-գերմանական գործարար համագործակցությունը մեծ նշանակություն ունի հայկական տնտեսության համար: Նրա խոսքերով, հետաքրքրվածության պարագայում գերմանական կապիտալը կարելի է ուղղել ենթակառուցվածքների, տեխնոլոգիաների եւ այլ բնագավառների զարգացմանը:

Նախարարը հույս է հայտնել, որ երկու երկրները կշարունակեն խորացնել իրենց առեւտրային եւ տնտեսական հարաբերությունները եւ նոր գործարար կապեր ձեւավորել:

2009 թ-ի տվյալներով, Հայաստանի եւ Գերմանիայի ապրանքաշրջանառությունը կազմել է 291 մլն ԱՄՆ դոլար: Հիմնական արտահանվող ապրանքներն են երկաթը, մոլիբդենը, քիմիական թելերը, թանկարժեք եւ կիսաթանկարժեք մետաղները եւ այլն:

Դիտում՝ 14105

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW