Երեւան/Մեդիամաքս/. Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) բավարարել է «Կրեդիտ Յունիոն» եւ «Վաշինգթոն Քափիթալ» ունիվերսալ վարկային կազմակերպությունների համակենտրոնացման հայտը: Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին տեղեկացրեցին ՏՄՊՊՀ մամլո ծառայությունում, սեպտեմբերի 29-ին կայացած նիստում հանձնաժողովը բավարարել է միաձուլման գործարքի հայտը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ընկերությունների միաձուլման արդյունքում նոր ստեղծվող վարկային կազմակերպությունը ՀՀ ֆինանսական շուկայի որեւէ ապրանքային խմբում գերիշխող դիրք չի կարող գրավել: “Վաշինգտոն Կապիտալ” ՈւՎԿ գործադիր տնօրեն Արմեն Խաչյանը ՄԵԴԻԱՄԱՔՍ-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց, որ գործարքի մանրամասները քննարկվում են երկու կազմակերպությունների բաժնետերերի կողմից եւ դրանց մասին հայտարարվելու է բանակցությունների ավարտից հետո: Նրա խոսքերով, դեռ հայտնի չէ, թե ինչ անվանման ներքո է գործելու նոր վարկային կազմակերպությունը: “Վաշինգտոն Կապիտալ” ՈւՎԿ-ը գործում է Հայաստանում 2005թ-ից: Ընկերության միակ հիմնադիրը ԱՄՆ-ում ապրող գործարար Սերժ Ղարիբյանն է: Ընկերության գործունեության հիմնական ոլորտը հիփոթեքային վարկավորումն է: “Վաշինգտոն Կապիտալը” փոխկապակցված է ԱՄՆ-ում ավելի քան 25 տարի գործող «Washington Capital» Real Estate Financial Group ընկերության եւ «American General Mortgage Corporation» ընկերության հետ: “Կրեդիտ Յունիոն” ՈւԿՎ-ը ստացել է ՀՀ Կենտրոնական բանկի (ՎԲ) լիցենզիան 2009թ. վերջին: Tweet Դիտում՝ 12653