Երեւան/Մեդիամաքս/. «Կոնվերս Ակումբը» կոչված է ապահովել «Կոնվերս Բանկի» հաճախորդների անհատական պահանջները ֆինանսական ռեսուրսների արդյունավետ կառավարման համալիր ծառայությունների մատուցման միջոցով: Մեդիամաքս-ի խնդրանքով մեկնաբանելով «Կոնվերս Ակումբի» հիմնական գործառույթները` «Կոնվերս Բանկի» մամուլի քարտուղար Լուսինե Մարգարյանը նշել է, որ, ըստ էության, «Կոնվերս Ակումբը» բանկի բացառիկ ծառայություն է, որի հիմքում ընկած է հաճախորդների անհատական եւ հարմարավետ սպասարկման սկզբունքը: Բանկի այն հաճախորդները, ովքեր անդամակցում են «Կոնվերս Ակումբին», սպասարկվում են առանձին սրահում, օգտվում են բանկային բոլոր ապրանքատեսակների արտոնյալ սակագնային պլաններից: Նրանց հատկացվում է անհատական ֆինանսական խորհրդատու, տրամադրվում է Visa Platinum քարտ շուրջօրյա սպասարկման հնարավորությամբ: Բացի այդ, ակումբի բոլոր անդամներին տրամադրվում է Priority Pass միջազգային ծրագրի անդամության քարտ, որն ապահովում է մուտք եւ սպասարկում աշխարհի 100 երկրների ավելի քան 600 օդանավակայանների VIP-գոտիներում: «Կոնվերս Ակումբը» հիմնադրվել է այս տարվա գարնանը, ներկայումս ունի շուրջ 50 անդամ: Ակումբի անդամներ կարող են դառնալ միայն ֆիզիկական անձինք, անդամության համար պարտադիր պայման է «Կոնվերս Բանկում» 6 եւ ավել ամսով խոշոր ավանդի ձեւակերպումը: Tweet Դիտում՝ 14469