Երեւան/Մեդիամաքս/. ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը /ՏՄՊՊՀ/ այսօր Արդյունաբերողների եւ գործարարների միությանն է ներկայացրել «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում փոփոխությունների եւ լրացումների օրինագիծը: Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանն ասել է, որ օրինագիծը նախատեսում է հանձնաժողովի իրավասությունների ընդլայնում, խախտումների ապացուցման դեպքում` կիրառվող պատժամիջոցների խստացում, ինչպես նաեւ կոնկրետությունից զուրկ մեկնաբանությունների դուրս մղում օրենքից, որոնց շնորհիվ ընկերություններին երբեմն հաջողվում է դատական ճանապարհով խուսափել ՏՄՊՊՀ նկատմամբ պատասխանատվությունից: Օրինագիծը, մասնավորապես, նախատեսում է տուգանքի չափի փոփոխում անբարեխիղճ մրցակցության դրսեւորման համար. նախկին 500 հազ. դրամ տուգանքի փոխարեն, որը տարածվում էր բոլոր իրավախախտների վրա, առաջարկվում է սահմանել տուգանք նախորդ տարվա հասույթի 0.1%-ի չափով (սակայն 300 հազ. դրամից ոչ պակաս): Ավելին, հաճախակի խախտումների դեպքում տուգանքները կավելանան: Հակամրցակցային պայմանավորվածությունների եւ գերակա դիրքի չարաշահման դիմաց տուգանքների ծավալը առաջարկվում է սահմանել ձեռնարկության նախորդ տարվա հասույթի 5%-ի չափով (նախկին 2%-ի փոխարեն), սակայն ոչ ավել, քան 500 մլն դրամը: Շուկայի անթուլատրելի կենտրոնացման համար առաջարկվում է սահմանել տուգանք նախորդ տարվա հասույթի 7%-ի չափով (սակայն ոչ ավել, քան 700 մլն դրամը): «Օրինագիծը նպատակ ունի գերիշխող սուբյեկտներին զրկել «սողանքներից» իրենց դիրքի չարաշահման համար, ընդլայնել տեղեկատվության հավաքման ուղիները, ճշտել ընթացակարգային բոլոր հարցերը` խախտումների նկատմամբ հանձնաժողովի արձագանքման օպերատիվության բարձրացման նպատակով»,- ասել է Արտակ Շաբոյանը: Արդյունաբերողների եւ գործարարների միության նախագահն ասել է, որ միությունը հուսով է, որ օրենսդրական փոփոխությունների արդյունքում ՏՄՊՊՀ-ն կդառնա տնտեսական բարեփոխումների առաջխաղացման եւ մենաշնորհների վերացման լուրջ գործիք: Tweet Դիտում՝ 11750