“Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն” նախատեսում է մինչեւ ամսվա վերջ որոշել վճարների չափերը

10.09.2010 | 16:52 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. “Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն” մտադիր է մինչեւ սեպտեմբերի վերջ որոշել ապահովագրական վճարների չափերը:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այդ մասին այսօր ՀՀ Կենտրոնական բանկի կազմակերպած սեմինարում հայտնել է “Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո” իրավաբանական անձանց միության տնօրեն Վահան Ավետիսյանը` նշելով, որ կազմակերպության ստեղծման հիմնական նպատակը տուժած անձանց շահերի պաշտպանությունն է, ինչպես նաեւ ապահովագրական ընկերությունների գործունեության կարգավորումն ու վերահսկողությունը:  

Բյուրոյի անդամ են հանդիսանում Հայաստանում գործող 9 ապահովագրական ընկերություններից 8-ը: Բյուրոյի խորհուրդը բաղկացած է 7 անդամից, որոնցից 3-ն ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչներ են, մեկական անդամ նշանակում են ՀՀ Ոստիկանությունը, ԿԲ-ն, վարորդների եւ սպառողների իրավունքները պաշտպանող ՀԿ-ները:

Կազմակերպության միջոցները գոյանում են անդամների միանվագ վճարումներից 10 մլն դրամի չափով եւ ապահովագրական ընկերությունների եռամսյակային վճարներից նախորդ 12 ամսվա ապահովագրական մուտքերի 0,25%-ի չափով:

Բյուրոյին կից գործելու է երաշխավորման հիմնադրամ, որը փոխհատուցելու է վնասն այն դեպքերում, երբ պատահարի մեղավորը հայտնի կամ ապահովագրված չէ, երբ վնասը հասցվել է առեւանգված մեքենայով կամ էլ պայմանագիր կնքած ընկերությունն անվճարունակ է ճանաչվել: Վահան Ավետիսյանը նշել է, որ տվյալ հիմնադրամի միջոցները գոյանում են անդամների միանվագ վճարումներից 15 մլն դրամի չափով եւ ապահովագրական ընկերությունների եռամսյակային վճարներից նախորդ 12 ամսվա ապահովագրական մուտքերի 0,5%-ի չափով, ինչպես նաեւ լրացուցիչ մուտքերից այն դեպքում, երբ հիմնադրամի միջոցները չեն բավականացնի փոխհատուցման համար:

Ենթադրվում է, որ ապահովագրական վճարի չափը կախված է լինելու ոչ այնքան մեքենայի վիճակից, որքան վարորդի ստաժից եւ առողջական վիճակից: Ավտոապահովագրության տարեկան պայմանագրի արժեքը սկզբնական փուլում նախատեսվում է 10 000-ից մինչեւ 40 000 դրամի սահմաններում:

Ավտոապահովագրության մասին մանրամասն տեղեկատվությունը հասանելի է ՀՀ ԿԲ կրթական կայքում` www.abcfinance.am, ինչպես նաեւ Բյուրոյի «թեժ գծի» միջոցով` 098 551 855 հեռախոսահամարով:

Դիտում՝ 17501
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW