Երեւան/Մեդիամաքս/. Սեպտեմբերի 7-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը` 7.25%: 2010 թ. օգոստոսին նախորդ ամսվա նկատմամբ արձանագրվել է 1.3% գնաճ, որի պարագայում 12-ամսյա ցուցանիշն աճել է նախորդ ամսվա նույն ցուցանիշի նկատմամբ 1.8 տոկոսային կետով` կազմելով 9.6%, Մեդիամաքս-ին հայտնեցին ԿԲ մամուլի ծառայությունում:ԿԲ Խորհուրդը փաստեց, որ 12-ամսյա գնաճի արագացումը հիմնականում արդյունք է պարենային ապրանքների միջազգային շուկաների և գյուղատնտեսության ոլորտի զարգացումներով պայմանավորված` “Հացամթերք”, “Բանջարեղեն և կարտոֆիլ” և “Միրգ” ապրանքախմբերում գների աճի: Խորհուրդը գնահատում է, որ չնայած գնաճի ցուցանիշը էապես գերազանցում է նպատակային միջակայքի վերին սահմանը, այդուհանդերձ, այն առաջարկի շոկերի արդյունք է, որոնք, քիչ հավանական է, որ կունենան շարունակական բնույթ: Ակնկալվում է, որ հետագա ամիսներին 12-ամսյա գնաճն աստիճանաբար կնվազի` կանխատեսվող 1 տարվա հորիզոնում ձևավորվելով նպատակային միջակայքի վերին սահմանի մոտ: Միաժամանակ Խորհուրդը միակարծիք է, որ ներքին պահանջարկի աստիճանական վերականգնումը դեռևս գնաճային ճնշումներ չի առաջացնում, ավելին, տարեսկզբից դրամավարկային պայմանների խստացումը և արժութային շուկայի ներկա զարգացումները շարունակում են նպաստել գնաճային միջավայրի մեղմմանը: Հաշվի առնելով բացառապես առաջարկի գործոններով գնաճի արագացման փաստը, ինչպես նաև պարենային ապրանքների միջազգային շուկաների ապագա զարգացումների անորոշությունները, Խորհուրդը նպատակահարմար գտավ շարունակել ձեռնպահ մնալ դրամավարկային պայմանների խստացումից: Tweet Դիտում՝ 12751