Երեւան/Մեդիամաքս/. Հայաստանի կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր հույս է հայտնել, որ Դիլիջանի Միջազգային դպրոցի նախագիծը կհասնի իր նշանակետին:Այս մասին Արմեն Աշոտյանն ասել է` պատասխանելով Մեդիամաքս-ի այն հարցին, թե արդյո՞ք ինքը հանդիպել է Դիլիջանի Միջազգային դպրոցի նախաձեռնողներին` Հանրային Խորհրդին ուղղված նրանց բաց նամակի հրապարակումից հետո: ԿԳ նախարարը նշեց, որ հանդիպել է Ռուբեն Վարդանյանին վերջերս Երեւանում կայացած Հայաստանի Ազգային մրցունակության հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդի նիստի շրջանակներում եւ զրուցել հարցի շուրջ:Արմեն Աշոտյանը վստահեցրեց, որ “Լեզվի մասին” օրենքում փոփոխությունների նախագիծը ամենեւին պայմանավորված չէ Դիլիջանի Միջազգային դպրոցի նախագծով, “եւ վաղ թե ուշ այդ փոփոխությունների անհրաժեշտությունն ի հայտ է գալու”:“Օրեր առաջ տեղեկացա, որ Վրաստանի իշխանությունները ծրագրում են օտարերկրացի ուսուցիչներ հրավիրել անգլերեն լեզվի դասավանդման նպատակով: Երկլեզու հասարակության մտահղացումը մեզ մոտ առաջ էր եկել դեռ շատ տարիներ առաջ, եւ ակնհայտ է, որ սա միջազգային միտում է: Կարծում են, որ երկլեզու հասարակությունը դառնում է քաղաքակիրթ զարգացման օրենքներից մեկը”, - ասաց Արմեն Աշոտյանը: Նախարարը նաեւ նշեց, որ իր ղեկավարած գերատեսչությունը չի մեկնաբանում տարաբնույթ շահարկումներն այս հարցի շուրջ եւ միայն հույս է հայտնում, որ Դիլիջանի Միջազգային դպրոցի նախագիծը կհասնի իր նշանակետին: Tweet Դիտում՝ 13565