Երեւան/Մեդիամաքս/. Բելառուսում կշշալցվի ոչ թե հայկական, այլ բելառուսական կոնյակ` պատրաստված հայկական կոնյակի հնեցված սպիրտերից: Ինչպես հաղորդում է Մեդիամաքս գործակալությունը, այդ մասին «ԲելԳազետա» թերթի հետ հարցազրույցում ասել է ՀՀ գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը` մեկնաբանելով Երեւանում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի եւ «Մուլտի Գրուպ» կոնցեռնի ղեկավար Գագիկ Ծառուկյանի միջեւ ձեռք բերված պայմանավորվածությունները: «Այդ նախագիծն ունի հսկայական ներուժ: Նախնական փուլում այն կարող է կազմել տարեկան 1,5-2 մլն շիշ: Ներկայումս Հայաստանն արտահանում է տարեկան շուրջ 30 մլն կեսլիտրանոց շշով կոնյակ, եւ մինչեւ ճգնաժամը արտահանման ծավալով Բելառուսը զբաղեցնում էր երրորդ տեղը: Ձեր երկիր էր մտնում մինչեւ 2 մլն շիշ»,- ասել է Ավագ Հարությունյանը: «Այդպիսի դեպքերում առկա է համագործակցության երկու մեխանիզմ: Դրանցից մեկը կոնյակի սպիրտերի արտահանումն է Բելառուս եւ այնտեղ դրանց մշակումն ու շշալցումը: Մյուսը` պատրաստի խառնուրդի փոխադրումն է Բելառուս եւ դրա շշալցումը մասնաճյուղերում: Չի բացառվում, որ երկու սխեմաներն ել կկիրառվեն»,- նկատել է Ավագ Հարությունյանը: Նա նշել է, որ «օրենքով հայկական է միայն այն կոնյակը, որը լցված է Հայաստանում, մնացածն իրավունք չունեն կոչվել հայկական կոնյակ»: «Հայկական կոնյակի սպիրտերը կարելի է դուրս բերել այլ երկրներում շշալցնելու նպատակով: Սակայն Բելառուսում կշշալցվի ոչ թե հայկական կոնյակ, այլ բելառուսական` պատրաստված հայկական կոնյակի հնեցված սպիրտերից: Սակայն նույնիսկ դա կարելի է համարել իմիջային Բելառուսի համար, քանի որ հայկական սպիրտերը խոսում են իրենց փոխարեն. դա որակի ցուցանիշ է: Դուք կարող եք նաեւ ապրանք արտադրել Ծառուկյանի ընկերության ապրանքանիշերով` չօգտագործելով «հայկական կոնյակ» բառը»,- ասել է Ավագ Հարությունյանը: Հարցազրույցի ամբողջական տարբերակը /ռուսերեն/ հասանելի է հետեւյալ հասցեով` http://www.belgazeta.by/20100830.34/040097061/: Tweet Դիտում՝ 11649