Երեւան/Մեդիամաքս/. ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը սկսել է իրականացնել երկրում սերմարտադրության զարգացման ծրագիրը: Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այդ մասին այսօր Երեւանում հայտարարել է գերատեսչության ղեկավար Գերասիմ Ալավերդյանը: Նախարարը լրագրողներին տեղեկացրել է, որ մինչեւ սեպտեմբերի 15-20-ը սպասվում է 950 տոննա էլիտար հացահատիկի սերմի ներկրում, եւս 500 տոննա կգնվի տեղական սերմարտադրողներից: Այդ սերմերը կցանվեն Շիրակի, Գեղարքունիքի եւ Արագածոտնի մարզերի 5 հազ. հա բարեբեր եւ առողջ հողերում: Այդ մարզերի ղեկավարներից արդեն ստացվել է 18 հազ. հեկտարի հայտ: Մինչեւ 2014թ. նախատեսվում է հացահատիկի ցանքատարածություններն ավելացնել մինչեւ 125 հազ. հա, ինչը թույլ կտա բարձրացնել հացահատիկի ինքնաբավության մակարդակը մինչեւ 55%` ներկայիս 30%-ի փոխարեն: Գերասիմ Ալավերդյանը հայտարարել է, որ մոտ ապագայում հացամթերքի գների զգալի բարձրացում չի սպասվում: Նրա խոսքերով, տեղի ունեցած «գների աննշան բարձրացումը» կապված է միջազգային շուկայում հացահատիկի գների, ինչպես նաեւ տրանսպորտային փոխադրումների արժեքի բարձրացման հետ: Նախարարը տեղեկացրել է, որ օգոստոսին հացահատիկը Հայաստան է ներկրվել Ղազախստանից, ԱՄՆ-ից եւ Բուլղարիայից: Նրա խոսքերով, երկրում կա պարենային հացահատիկի 3-4 ամսվա պաշար, եւ կարիք չկա խառնաշփոթ ստեղծել գների փոփոխման շուրջ: Գերասիմ Ալավերդյանը չի բացառել Ռուսաստանից որոշակի քանակությամբ հացահատիկի ներկրման հնարավորությունը: Նրա խոսքերով, այդ մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահների միջեւ: Նախարարը տեղեկացրել է, որ մոտ ապագայում ակնկալվում է կարտոֆիլի գների իջեցում, ինչը կապված է հարուստ բերքի հետ, որն այս տարի կկազմի 500 հազ. տոննա: Նա նշել է, որ հայաստանյան շուկայի պահանջարկը կազմում է մինչեւ 330 հազ. տոննա, իսկ մնացածը կարտահանվի Վրաստան եւ Իրան: Գյուղատնտեսական արտադրանքի կրճատումն այս տարի մեծամասամբ պայմանավորված է անբարենպաստ եղանակային պայմաններով, ինչը բացասաբար է ազդել բուսաբուծության վրա, հայտարարել է նախարարը: Նրա խոսքերով, կենդանաբուծության ծավալները նախորդ տարվա համեմատ աննշան կավելանան: Գերասիմ Ալավերդյանը հայտնել է, որ խաղողի գնման արժեքն այս տարի կկազմի մեկ կիլոգրամից դիմաց 120 դրամից ոչ պակաս: Երեւանի կոնյակի գործարանը խաղող կգնի 130 դրամով: Tweet Դիտում՝ 10972