Երեւան/Մեդիամաքս/. «Արցախ ՀԷԿ» ԲԲԸ տնօրենների խորհուրդը որոշում է ընդունել 1,4 մլրդ դրամ ծավալի 1 մլն 400 հազ. հատ ոչ փաստաթղթային սովորական անվանական բաժնետոմսեր լրացուցիչ տեղաբաշխելու մասին: Ինչպես Մեդիամաքս-ին տեղեկացրեցին «Արցախ ՀԷԿ»-ի մամուլի ծառայությունում, խորհուրդը հաստատել է «Արցախ ՀԷԿ» ԲԲԸ-ի ոչ փաստաթղթային հասարակ անվանական բաժնետոմսերի տեղաբաշխման պայմանները, համաձայն որի նախատեսվել է բաժնետոմսերը տեղաբաշխել բաժնետերերի կողմից բաժնետոմսերի ձեռքբերման նախապատվության իրավունքի կիրառման միջոցով: Որպես բաժնետոմսերի տեղաբաշխող, նշված որոշման համաձայն, հանդես է գալիս «Արմսվիսբանկ» ՓԲԸ-ն:«Արցախ ՀԷԿ» ԲԲԸ տնօրենների խորհրդի նիստում ընկերության խորհրդի նախագահ է ընտրվել ԼՂՀ փոխվարչապետ եւ ֆինանսների նախարար Սպարտակ Թեւոսյանը: Գլխավոր տնօրենի պաշտոնում վերանշանակվել է գործող տնօրեն Վահրամ Բեգլարյանը: Կորպորատիվ քարտուղար է նշանակվել Ինեսա Գրիգորյանը: Տնօրենների խորհրդի կողմից հաստատվել են նաեւ մի շարք ներքին կանոնակարգեր, մասնավորապես` «Գլխավոր Տնօրենի մասին կանոնակարգ»-ը, «Կորպորատիվ քարտուղարի մասին կանոնակարգ»-ը, «Ներքին (ինսայդերական) տեղեկությունների մասին կանոնակարգ»-ը, «Տեղեկատվական քաղաքականության մասին կանոնակարգ»-ը եւ ««Արցախ ՀԷԿ» ԲԲԸ-ի կողմից անկախ աուդիտորական կազմակերպության համար իրականացվող հրապարակային մրցույթի կազմակերպման մասին կանոնակարգ»-ը: Tweet Դիտում՝ 21754