Երեւան/Մեդիամաքս/. Այսօր ժամը 23:50-ին Մեդիամաքս-ը «Շանթ» հեռուստաընկերության եթերում կներկայացնի իր “Pictures of home” վավերագրական ֆիլմը Deep Purple խմբի վոկալիստ Իէն Գիլանի մասին: Ֆիլմի համար հիմք են հանդիսացել 2009թ. հոկտեմբերին Armenia Grateful 2 Rock ծրագրի շրջանակներում ռոք-աստղերի` Հայաստան կատարած այցի ընթացքում արված նկարահանումները եւ Իէն Գիլանի հետ ձայնագրված հարցազրույցը ս.թ. մարտին Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ Deep Purple-ի վոկալիստի բարեգործական համերգներից հետո: «Կարծում եմ` Իէն Գիլանի բազմաթիվ երկրպագուներ նրան կբացահայտեն նոր կողմից: Ֆիլմում Գիլանը խոսում է կրոնի, Աստծու, մշակույթի նկատմամբ իր վերաբերմունքի մասին եւ ներկայանում որպես մի մարդ, ով չափազանց խորը եւ փիլիսոփայական հայացքներ ունի»,- ասել է Մեդիամաքսի տնօրեն եւ ֆիլմի սցենարի հեղինակ Արա Թադեւոսյանը: «Բնականաբար, Իէն Գիլանը ֆիլմում խոսում է նաեւ Հայաստանի նկատմամբ իր հատուկ վերաբերմունքի մասին»,- շարունակեց նա: Արխիվային կադրերը, որոնք պատմում են 1990թ. Գիլանի` Հայաստան կատարած առաջին այցի մասին, անակնկալ կդառնան նրանց համար, ովքեր ներկա են գտնվել նրա համերգներին 20 տարի առաջ: Ֆիլմում իրենց կգտնեն նաեւ Իէն Գիլանի ու Թոնի Այոմիի հետ նախորդ տարվա հոկտեմբերին «Մոսկվա» կինոթատրոնում կայացած հանդիպման մասնակիցներից շատերը: «Ֆիլմի անվանումը պատահական չի ընտրվել: Նախ, “Pictures of home”-ը Deep Purple-ի ամենավառ հիթերից է, որը Իէն Գիլանը կատարել է նաեւ Երեւանում մարտին կայացած համերգների ընթացքում: Երկրորդ, ինչպես ասել է ինքը երաժիշտը, նա Հայաստանը համարում է իր «հոգեւոր տունը»»,- ասել է Մեդիամաքսի տնօրենը: Ֆիլմի պրեմիերան նվիրված է Deep Purple-ի վոկալիստի 65-ամյա հոբելյանին, որը երգիչը նշեց օգոստոսի 19-ին: «Մեզ համար հատկապես հաճելի է, որ ֆիլմի պրեմիերան կլինի «Շանթ» հեռուստաալիքով: Այս տարի մենք «Շանթի» հետ համատեղ իրականացրեցինք կարեւոր մի նախագիծ` «Իէն Գիլանը` «Հայ Սուպերսթարի» հատուկ հյուր» հեռուստատեսային շոուն: Վստահ եմ, որ այդ շոուն կարեւորագույն խթան հանդիսացավ ոչ միայն «Հայ Սուպերսթարի» անմիջական մասնակիցների, այլեւ Հայաստանում ռոք-երաժշտության բազմաթիվ երիտասարդ երկրպագուների համար»,- ասել է Արա Թադեւոսյանը: “Pictures of home” ֆիլմը Մեդիամաքսի կողմից արտադրվել է Zoom Production ստուդիայի հետ համագործակցությամբ: Ֆիլմի գլխավոր հովանավորն է «ՀայՌուսգազարդը», որը հովանավորել է նաեւ Armenia Grateful 2 Rock նախագիծը: Մեդիամաքսը շնորհակալություն է հայտնում նաեւ այն մարդկանց ու կազմակերպիչներին, ովքեր մեծ ավանդ են ունեցել Armenia Grateful 2 Rock նախագծի եւ Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ Իէն Գիլանի համերգների իրականացման գործում` Rock Aid Armenia նախագծի հեղինակ Ջոն Դիին, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վիգեն Սարգսյանին, Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Չարլզ Լոնսդեյլին, «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերությանն ու նրա գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանին, bmi ավիաընկերությանն ու «Արմենիա Մարիոթ» հյուրանոցին, «Տրիադա» ստուդիային, PanArmenian Photo-ին: Մեդիամաքսը հատուկ շնորհակալություն է հայտնում Սուսաննա Օհանջանյանին եւ Արա Գեւորգյանին արխիվային տեսանյութերի տրամադրման համար: Tweet Դիտում՝ 11777