Երեւան/Մեդիամաքս/. «Առէքսիմբանկ – Գազպրոմբանկի Խումբը» հայաստանյան բանկերից առաջինն է սկսել անցումը էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության: Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին տեղեկացրել են բանկի մամլո ծառայությունում, փաստաթղթաշրջանառության էլեկտրոնային համակարգին անցումը կավարտվի 2010թ. վերջին, այն թույլ կտա զգալիորեն կրճատել փաստաթղթերի տեղաշարժման ժամանակը, կբարձրացնի դրանց կատարման օպերատիվությունը եւ արդյունավետությունը: «Արեւմտյան խորհրդատվական ընկերությունների գնահատականների համաձայն, կազմակերպությունների աշխատակիցները թղթային գործառնությունների վրա են ծախսում աշխատանքային օրվա 20-30%-ը: Այդ պատճառով փաստաթղթաշրջանառության ավտոմատացված կառավարման անհրաժեշտության հարցը վաղուց արդեն պրակտիկ հարթությունում է»,- ասել է «Առէքսիմբանկ – Գազպրոմբանկի Խմբի» տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի պետ Հասմիկ Ներսիսյանը, հավելելով, որ էլետկրոնային փաստաթղթաշրջանառության Mulberry համակարգն արդեն գործում է ՀՀ կառավարության 44 գերատեսչություններից 25-ում: Բանկի մամլո ծառայությունում նաեւ տեղեկացրել են, որ «Առէքսիմբանկ – Գազպրոմբանկի Խումբը» միացել է MIGOM դրամական փոխանցումների համակարգին, նշելով, որ համակարգն առանց բանկային հաշիվ բացելու իրականացնում է ֆիզիկական անձանց ակնթարթային դրամական փոխանցումներ (դոլարով, եվրոյով եւ ռուբլիով) ԱՊՀ եւ որոշ արեւմտաեւրոպական երկրների միջեւ: MIGOM-ից բացի «Առէքսիմբանկ – Գազպրոմբանկի Խումբը» միջազգային դրամական փոխանցումներ է իրականացնում նաեւ «БЫСТРАЯ ПОЧТА», «LEADER», «CONTACT» и «MONEYGRAM» համակարգերով: Tweet Դիտում՝ 13191