Երեւան/Մեդիամաքս/. ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը եւ Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանն այսօր այցելել են Գյումրիի թիվ 6 երաժշտական դպրոց, որը կվերակառուցվի Rock Aid Armenia/Armenia Grateful2 Rock ծրագրի շրջանակներում: Դպրոցի վերակառուցման նախագիծը համատեղ իրականացնում են Մեդիամաքս-ը, ավստրալական Do Something կազմակերպությունն ու Հայ Օգնության Ֆոնդը (ՀՕՖ): Մեդիամաքս-ի տնօրեն Արա Թադեւոսյանը եւ ՀՕՖ-ի երեւանյան գրասենյակի ղեկավար Բագրատ Սարգսյանը այսօր փոխվարչապետին ու Շիրակի մարզպետին ներկայացրել են դպրոցի շենքի նախագիծը, ծանոթացրել են միջոցների հավաքագրման գործընթացին, որին անմիջական մասնակցություն են ցուցաբերում բրիտանացի ռոք-աստղերը` Deep Purple-ի վոկալիստ Իէն Գիլանը, Black Sabbath-ի կիթառահար Թոնի Այոմին եւ Asia-ի ստեղնահար Ջեֆ Դաունսը: Հանդիպման ընթացքում նշվել է, որ դպրոցի շինարարության համար արդեն հավաքագրվել է $ 70.000: $ 45.000-ը կազմել է Երեւանում Իէն Գիլանի բարեգործական համերգներից ստացված հասույթը, եւս 10 մլն դրամ հատկացրել է ՀՀ կառավարությունը: Փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը տվել է անհրաժեշտ հանձնարարականներ ու վստահեցրել, որ կառավարությունն ու տեղական իշխանությունները կանեն անհրաժեշտ ամեն ինչ դպրոցի վերակառուցման ծրագրին օժանդակելու համար: Նախնական ծրագրերի համաձայն, դպրոցի շինարարությունը կարող է սկսվել 2011թ. մարտին եւ ավարտվել նույն տարվա հոկտեմբերին: Tweet Դիտում՝ 9774