Երեւան/Մեդիամաքս/. Առաջին փոքր ՀԷԿ-երը, որոնց շինարարությունը ֆինանսավորում է «Ամերիաբանկը» Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) վարկային միջոցներով, շահագործման կհանձնվեն արդեն այս տարեվերջին: Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այդ մասին ասել է «Ամերիաբանկի» գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը` բանկի կողմից IFC-ի միջոցներով ֆինանսավորվող առաջին ՀԷԿ-երից մեկի («Ջերմուկ 2») շինարարության դիտման ընթացքում: Վերականգնվող էներգետիկայի ֆինանսավորման ծրագրի շրջանակներում IFC-ն «Ամերիաբանկին» հատկացրել է $15 մլն վարկ, որը բանկը հիմնականում ուղղում է փոքր ՀԷԿ-երի ֆինանսավորմանը: IFC-ի ծրագրով «Ամերիաբանկը» վարկեր է տրամադրում 8 տարի ժամկետով, տարեկան 11% տոկոսադրույքով: «Ջերմուկ 2»-ը շահագործման կհանձնվի այս տարվա դեկտեմբերին: Նախագծի ընդհանուր արժեքը գնահատվում է $3,15 մլն, որից $2 մլն-ը կազմել են «Ամերիաբանկի» վարկային միջոցները: «Ջերմուկ 2» ՀԷԿ-ի վարկավորումը մեկնարկել էր նախորդ տարվա սեպտեմբերին եւ շարունակվում է փուլերով: Արտակ Հանեսյանը տեղեկացրել է, որ ներկայումս «Ամերիաբանկը» $20 մլն դրամ ընդհանուր ծավալով վարկավորում է 12 ՀԷԿ-երի կառուցումը: Ընթացիկ տարում բանկը վերականգնվող էներգետիկայի վարկավորմանը կուղղի $25 մլն, որից $15 մլն-ը կկազմեն IFC-ի միջոցները, իսկ $10 մլն-ը` FMO DEG հոլանդա-գերմանական կոնսորցիումի վարկը: IFC-ի կովկասյան տարածաշրջանի ղեկավար Թոմաս Լյուբեկը նշել է, որ Հայաստանն ունի Հարավային Կովկասում հիդրոէներգետիկայի զարգացման ամենամեծ ներուժը: «Վերականգնվող էներգետիկայի զարգացումը կկրճատի Հայաստանի կախվածությունը էներգակիրների ներկրումից եւ կնվազեցնի մթնոլորտ ջերմագազերի արտանետումները»,- նշել է նա: Tweet Դիտում՝ 12854