Երեւան/Մեդիամաքս/. Հունիսի 21-ից «Մոսկվայի միջբանկային արժութային բորսա» /ՄՄԱԲ/ ՓԲԸ նոր նախագահ կդառնա Ռուբեն Աղանբեղյանը: Ներկայումս Ռուբեն Աղանբեղյանը հանդիսանում է «Ռենեսանս Կապիտալ» ներդրումային ընկերության վարչության նախագահի տեղակալը: Բորսայի ներկայիս ղեկավար Կոնստանտին Կորիշչենկոն կպահպանի միայն ՄՄԱԲ ֆոնդային բորսայի գլխավոր տնօրենի պաշտոնը: «Ռուսաստանյան բրոքերները վաղուց էին սպասում փոփոխությունների ՄՄԱԲ ղեկավար կազմում, սակայն պարոն Աղանբեղյանի նշանակումը նրանց համար մեծ անակնկալ էր»,- այսօր գրել է «Կոմերսանտը» :Ռուբեն Աղանբեղյանը թերթի հետ հարցազրույցում ասել է, որ այդ աշխատանքը համարում է «ամենահետաքրքիրներից մեկը այսօրվա ֆինանսական ոլորտում»: «Բորսան եւ կենտրոնական դեպոզիտարիան ֆինանսական համակարգի սիրտն է, իսկ հաշվի առնելով այն, որ Ռուսաստանում ստեղծվում է Միջազգային ֆինանսական կենտրոն` այն ձեռք է բերում հատուկ մասշտաբ: Ինձ համար այդ գործընթացի կենտրոնում լինելը մարտահրավեր է եւ մեծ պատիվ: Ռուսաստանյան շուկան, ռուսական ներդրողները բավականին զարգացած են եւ ՄՄԱԲ-ից ակնկալում են հսկայական քանակությամբ նոր ֆինանսական գործիքներ, դերիվատիվներ, եւ ես պատրաստվում եմ աշխատել այդ ուղղությամբ եւս: Որպես ՄՄԱԲ տնօրենների խորհրդի անդամ` ես մասնակցել եմ բորսայի զարգացմանը եւ պատկերացնում եմ այն խնդիրների ծավալը, որոնք պետք է լուծեմ: Ես շատ ուրախ եմ այդ նշանակման համար»,- ասել է Ռուբեն Աղանբեղյանը: Tweet Դիտում՝ 13754