Երեւան/Մեդիամաքս/. ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ասել է, որ տնտեսության դիվերսիֆիկացման անհրաժեշտությունը այն հիմնական դասն էր, որը երկրի իշխանությունները քաղել են համաշխարհային տնտեսական ճգնաժամից: Կառավարության ղեկավարն այդ մասին ասել է տնտեսագիտական բուհերի ուսանողների հետ հանդիպման ընթացքում, որը կազմակերպվել էր Մեդիամաքս գործակալության եւ www.Banks.am պորտալի նախաձեռնությամբ: Տիգրան Սարգսյանը հիշեցրել է, որ 2009թ. Հայաստանում 14 % տնտեսական անկման հիմնական պատճառներից մեկն այն էր, որ շինարարության մասնաբաժինը ՀՆԱ-ում հասնում էր 30 %-ի: Վարչապետի խոսքերով, ճգնաժամի հաջորդ դասը եղել է տնտեսության այլ ոլորտների, մասնավորապես, IT-հատվածի խթանման անհրաժեշտությունը: Վարչապետը նկատել է, որ արդեն այսօր ՀՆԱ-ում IT-հատվածի մասնաբաժինը կազմում է շուրջ 5%: Կառավարության ղեկավարը նշել է, որ ճգնաժամը բացահայտել է նաեւ փոքր եւ միջին բիզնեսի զարգացման անհրաժեշտությունը: «Պետք է խոստովանել, որ մեզ դեռեւս չի հաջողվել հավասար պայմաններ ապահովել բիզնեսի զարգացման համար, եւ մեզ անհրաժեշտ է նոր խթան հաղորդել համապատասխան բարեփոխումներին»,- ընդգծել է Տիգրան Սարգսյանը: Tweet Դիտում՝ 11125