Երեւան /Մեդիամաքս/. Գերմանական KfW բանկը ՀՀ փոքր ՀԷԿ-երի ֆինանսավորման երկրորդ փուլին կտրամադրի 19,5 մլն եվրո: Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այսօր Երեւանում համապատասխան համաձայնագիր է ստորագրվել ՀՀ Կենտրոնական բանկի եւ գերմանական KfW բանկի միջեւ: KfW-ն ԿԲ-ին միջոցներ կհատկացնի 12 տարով, 3 տարի արտոնյալ ժամանակահատվածով, սուբսիդավորված տոկոսադրույքով:ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը հատուկ ընդգծել է, որ KfW-ն ՀՀ Կենտրոնական բանկի լավագույն գործընկերներից մեկն է: Նա ծրագիրն անվանել է «եզակի»` նշելով, որ առաջին անգամ ՀԷԿ-ի ֆինանսավորման համար տրամադրվող վարկի պայմանները կտարբերվեն շուկայականներից: Մասնավորապես, տոկոսադրույքը, որով բանկերը կտրամադրեն վարկերը, կսահմանափակվի տարեկան 10,5-11%-ով: Արթուր Ջավադյանը տեղեկացրել է, որ այդ պահանջը ներմուծվել է էլեկտրաէներգիայի սակագների վրա այդ տոկոսադրույքի ազդեցության կապակցությամբ: 2004թ. նոյեմբերին մեկնարկած «Վերականգնվող էներգիայի աջակցություն» ծրագրի առաջին փուլի ընթացքում KfW-ն 14 փոքր ՀԷԿ-երի վարկավորմանը հատկացրել է 6 մլն եվրո, որոնք ամբողջությամբ տեղաբաշխվել են: Ներկայումս Հայաստանում փոքր եւ խոշոր ՀԷԿ-երի ֆինանսավորման ընդհանուր ծավալը կազմում է 24,5 մլրդ դրամ: KfW բանկի առաջին փոխնախագահ Ռոլանդ Զիլլերն այսօր հայտնել է, որ ընթացիկ տարում բանկն ընդհանուր առմամբ Հայաստանին կտրամադրի 120 մլն եվրո: Բացի փոքր ՀԷԿ-երի վարկավորումից, միջոցները կուղղվեն նաեւ ՀՀ հիփոթեքային շուկայի զարգացմանը, Վանաձորում եւ Գյումրիում ջրամատակարարման վերականգնմանը, Որոտանի կասկադ ՀԷԿ-ի ֆինանսավորմանը: Tweet Դիտում՝ 14053