Երեւան/Մեդիամաքս/. Առաջին եռամսյակի արդյունքներով «Ամերիաբանկի» ակտիվները կազմել են 110 մլրդ 505,6 մլն դրամ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 7 մլրդ 267,5 մլն դրամով, կամ 7,03%-ով:Ինչպես այսօր կայացած մամուլի ասուլիսում հայտնել է բանկի զարգացման գծով տնօրեն Տիգրան Ջրբաշյանը, «Ամերիաբանկի» վարկային պորտֆելն առաջին եռամսյակի արդյունքներով գերազանցել է 60 մլրդ դրամը` տարեկան կտրվածքով ավելանալով 7,092 մլրդ դրամով: «2010թ. առաջին երեք ամիսներին վարկային պորտֆելի 80% աճն ապահովվել է նոր հաճախորդների ներգրավման հաշվին»,- ասել է Տիգրան Ջրբաշյանը` նշելով, որ «Ամերիաբանկի» վարկային պորտֆելում չաշխատող վարկերի մասնաբաժինը կազմում է 0,26%: «Ամերիաբանկի» եւ «Կասկադ բանկի» ընդհանուր վարկային պորտֆելը (բանկերի միաձուլման մասին պայմանագիրը կնքվել էր մարտի 31-ին) առաջին եռամսյակի արդյունքներով կազմել է 71,9 մլրդ դրամ: Բանկի պարտավորություններն առաջին եռամսյակում հասել են 88,2 մլրդ դրամի (աճը` 8.25%), իսկ «Ամերիաբանկի» եւ «Կասկադ բանկի» համախառն պարտավորությունները` 99 մլրդ դրամի, ինչը կազմում է ՀՀ բանկային համակարգի ընդհանուր պարտավորությունների շուրջ 8%-ը: «Ամերիաբանկի» կապիտալը առաջին եռամսյակի արդյունքներով կազմել է 22,289 մլրդ դրամ` տարեկան կտրվածքով ավելանալով 2,5%-ով: «Երկու բանկերի ընդհանուր կապիտալը կազմում է շուրջ 29,98 մլրդ դրամ, եւ այդ ցուցանիշով «Ամերիաբանկը» ՀՀ բանկային համակարգում զբաղեցնում է երկրորդ տեղը»,- ասել է Տիգրան Ջրբաշյանը: Առաջին եռամսյակում երկու բանկերի ընդհանուր շահույթը կազմել է 654 մլն դրամ, իսկ «Ամերիաբանկի» շահույթը` 533.7 մլն դրամ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 4.7 անգամ: Tweet Դիտում՝ 12900