Երեւան/Մեդիամաքս/. Առաջին եռամսյակում ունենալով ՀՆԱ-ի 5.5% աճ` կարող ենք արձանագրել, որ ՀՀ տնտեսությունը մտել է վերականգնման փուլ, հայտարարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը: Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այսօր կառավարության նիստում Տիգրան Սարգսյանը դրական է գնահատել աճը տնտեսության գրեթե բոլոր հատվածներում: «Շինարարության ոլորտում շարունակվող անկումը վկայում է այն մասին, որ տեղի է ունենում տնտեսական համակարգի դիվերսիֆիկացիա, եւ կախվածությունը շինարարության աճի տեմպերից նվազում է: Մյուս կողմից, այդ ոլորտում անկումը նշանակում է, որ դեռեւս մասնավոր ներդրումները շինարարության ոլորտ չեն գնում: Կցանկանայի հիշեցնել, որ 2008թ. շինարարության ծավալների 75%-ը ֆինանսավորվել է մասնավոր հատվածի հաշվին»,- ասել է Տիգրան Սարգսյանը: Վարչապետը հիշեցրել է, որ 2009թ. կառավարությունը կառուցապատողներին տրամադրել է 5 մլրդ դրամի վարկային երաշխիքներ անավարտ օբյեկտների շինարարությունն ավարտելու նպատակով, ինչպես նաեւ հիփոթեքային շուկայի խթանմանը հատկացրել է 15 մլրդ դրամ: Անդրադառնալով առաջին եռամսյակում արձանագրված` արտահանման 60-տոկոսանոց աճին` վարչապետը նշել է, որ այդչափ զգալի աճը հիմնականում պայմանավորված է հանքահումքային արդյունաբերության արտահանման ծավալների աճով եւ համաշխարհային տնտեսության ցուցանիշների բարելավմամբ:Վարչապետը տեղեկացրել է, որ ՀՀ ֆինանսների նախարարությանը հանձնարարել է այս շաբաթվա ընթացքում ներկայացնել հարկային բազայի նոր հաշվարկներ` ելնելով նոր իրողություններից, քանի որ, Տիգրան Սարգսյանի խոսքերով, «ՀՆԱ աճի տեմպը վատացնում է հարկեր-ՀՆԱ հարաբերակցությունը, որը նախատեսված էր 0.4-ի սահմաններում»: Tweet Դիտում՝ 12061