Երեւան/Մեդիամաքս/. TDA Holdings Limited-ը («Ամերիաբանկի» 99,99%-անոց բաժնետերը) ձեռք է բերել «Կասկադ Բանկի» բաժնետոմսերի 100%-ը: Դա բանկերի միաձուլմանն ուղղված առաջին քայլն է: Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը, հանդես գալով այսօր Երեւանում «Ամերիաբանկի» Խորհրդի նախագահ Ռուբեն Վարդանյանի եւ «Գաֆեսչյան ընտանիք» հիմնադրամի Խորհրդի անդամ Սթիվ Սքալլենի հետ համատեղ մամլո ասուլիսին, ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը տեղեկացրել է, որ ապրիլի 7-ին ԿԲ-ն հաստատել է այդ գործարքի կնքումը: «Ամերիաբանկն» ու «Կասկադ Բանկը» զգալի ներդրում ունեն Հայաստանի բանկային համակարգի կայունացման գործում, նրանց միաձուլումը կստեղծի նոր ներդրումային հնարավորություններ եւ կնպաստի Հայաստանում ֆինանսական միջնորդության աճին», - ասաց Արթուր Ջավադյանը: Նա չնշեց «Կասկադ Բանկի» ձեռքբերման գործարքի արժեքը՝ այն անվանելով առեւտրային գաղտնիք: Ռուբեն Վարդանյանն իր հերթին նշեց, որ «Ամերիաբանկը», միավորվելով «Կասկադ Բանկի» հետ, մտադիր է մրցունակ լինել որ միայն հայկական, այլեւ միջազգային շուկայում, մասնավորապես ակտիվ սպասարկել հայկական սփյուքռի ներկայացուցիչներին: Դրա համար, ըստ Վարդանյանի, անհրաժեշտ է ակտիվ զարգացնել բանկի IT-ենթակառուցվածքը, բարձրացնել աշխատակիցների պրոֆեսիոնալիզմը, բարելավել ռիսկերի կառավարման համակարգը եւ խորացնել միջազգային համագործակցությունը: Ռուբեն Վարդանյանն ասաց, որ «Գաֆեսչյան ընտանիք» հիմնադրամը եւս լինելու է «Ամերիաբանկի» բաժնետերերի կազմում, նշելով, որ հիմնադրամի բաժնետիրական պորտֆելի մասնաբաժինը ճշգրտվելու է բանկերի միաձուլման գործընթացի ավարտից հետո, որը նախատեսվում ընթացիկ տարվա նոյեմբերին: ««Ամերիաբանկի» բաժնետերերի կառուցվածքում էական փոփոխություններ չեն լինելու: Կան մի քանի գործընկերներ, որոնք մտնելու են բանկի կապիտալի մեջ, այդ թվում, հենց բանկի մենեջմենթը, քանի որ մենք կարծում ենք, որ դա կարեւոր խթանիչ մեխանիզմ է եւ թույլ կտա «Ամերիաբանկի» մենեջերներին զգալ իրենց նաեւ բանկի բաժնետերեր», - ասաց Ռուբեն Վարդանյանը: Սթիվ Սքալլենն ասաց, որ Ջերարդ Գաֆեսչյանն ուրախ է երկարաժամկետ ռազմավարական համագործակցության համար, որի հիմքերը դրվում են այսօր, եւ շարունակելու է ներդնել տարբեր նախագծերում` ի շահ Հայաստանի: Tweet Դիտում՝ 17307