Վարչապետը կիսում է կառավարության հասցեին քննադատությունը խոշոր բիզնեսի թույլ վերահսկողության մասին

08.04.2010 | 14:22 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր հիշեցրել է, որ ապրիլի 1-ին հրապարակվել է այն խոշոր ձեռնարկությունների ցուցակը, որոնք պարտավոր են մինչեւ տարեվերջ հրապարակել իրենց ֆինանսական հաշվետվություններն ու արտաքին աուդիտորի եզրակացությունը:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, կառավարության նիստում Տիգրան Սարգսյանը նշել է, որ ցուցակում ընդգրկվել են այն ընկերությունները, որոնց 2009թ. շրջանառությունը գերազանցել է 1 մլրդ դրամը: «Մենք առաջին անգամ ենք սկսում երկրի խոշոր ձեռնարկությունների հաշվետվության վերահսկման գործընթացը»,- ասել է վարչապետը:

Տիգրան Սարգսյանն ասել է, որ կիսում է ՀՀ կառավարության հասցեին քննադատությունը խոշոր բիզնեսի գործունեության նկատմամբ թույլ վերահսկողության վերաբերյալ: Նրա խոսքերով, անթույլատրելի է, որ խոշոր ձեռնարկությունները խուսափեն հարկեր վճարելուց, եւ «դա թուլացնում է պետության հիմքերն ու արգելակում է փոքր ու միջին ձեռնարկատիրության /ՓՄՁ/ զարգացումը»:

ՀՀ վարչապետը ֆինանսների նախարարությանը հանձնարարել է մեկ ամսվա ընթացքում հրապարակել վերլուծական հետազոտությունների արդյունքները: Մասնավորապես, գերատեսչությունը պետք է անցկացնի  խոշոր բիզնեսի եւ ՓՄՁ 2009թ. ֆինանսական ցուցանիշների համեմատական վերլուծություն:

«Հասարակության մեջ մտավախություն կա, որ ճգնաժամային տարում հիմնական հարկային բեռը դրվել է փոքր ու միջին, այլ ոչ թե խոշոր բիզնեսի վրա, եւ մենք պետք է ցրենք առկա բոլոր կասկածանքները»,- ասել է Տիգրան Սարգսյանը:

ՀՀ վարչապետը հայտարարել է նաեւ, որ «Հարկերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը պահանջում է անհապաղ ընդունում: Նրա խոսքերով, խոշոր ձեռնարկությունների ֆինանսական գործունեության նկատմամբ վերահսկողության գործընթացում շատ կարեւոր է տեղեկատվությունը երրորդ անձանց մասին, որը թույլ կտա ճիշտ վերլուծություն կատարել:

Դիտում՝ 14018
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW